Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կսահմանվեն ձերբակալվածներին պահելու վայրերի շինության և կահավորման առանձնահատկությունները

Կսահմանվեն ձերբակալվածներին պահելու վայրերի շինության և կահավորման առանձնահատկությունները
Հասարակություն
21:34, 11 январь 2023
Նոր Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի ուժի մեջ մտնելու կապակցությամբ փոփոխություն է կատարվել Կառավարության որոշմամբ հաստատված ՀՀ ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգում:

Պայմանավորված այն հանգամանքով, որ «Ձերբակալվածներին պահելու վայրերի շինության և կահավորման առանձնահատկությունները» դուրս են ներքին կանոնակարգի կարգավորման առարկայից, շինությանը վերաբերող դրույթները չեն ներառվել ՀՀ կառավարության որոշման մեջ:  Այս մասին նշել է ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Մարտիրոսյանը ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հունվարի 11-ի նիստում` ներկայացնելով ««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Փոխոստիկանապետի խոսքով՝ անհրաժեշտ է առանձին իրավական ակտով սահմանել ձերբակալվածներին պահելու վայրերի շինությանն առնչվող առանձնահատկությունները` ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի կողմից առաջարկվող միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար: Ուստի, անհրաժեշտություն է առաջացել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում նախատեսել լիազորող նորմ, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանել ՁՊՎ-ի շինության և կահավորման առանձնահատկությունները:

ՁՊՎ-ի շինության առանձնահատկությունների վերաբերյալ առանձին իրավական ակտի բացակայության պարագայում անհնար է դառնում իրավասու վերադաս մարմինների կողմից ՁՊՎ-ների կառուցման և հիմնական վերանորոգման ընթացքում հսկողություն սահմանել շինարարական այնպիսի առանձնահատկությունների վրա, որոնց բացակայության դեպքում խախտվում են պահվող անձանց իրավունքները:

Հարակից զեկույցով ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը, անդրադառնալով նախագծի կարևորությանը, հորդորել է գործընկերներին դրական եզրակացություն տալ նախագծին:
Օրինագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: