Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանի կողմնակիցների կողմից սոցցանցերում լրագրողի և զոհվածի մոր վրա հարձակման փաստին իրավական ընթացք չի տրվել

Քոչարյանի կողմնակիցների կողմից սոցցանցերում լրագրողի և զոհվածի մոր վրա հարձակման փաստին իրավական ընթացք չի տրվել
Հասարակություն / Իրավունք
19:53, 11 май 2021
Մայիսի 9-ին լրագրող, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հրամանատարի քույր Նանե Արզումանյանը իր ֆեյսբուքյան էջում Եռաբլուից տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր, թե ինչպես է պատերազմում զոհված զինվորներից Սուրեն Բաբայանի մայրը՝ Գալինա Բաբայանը, մեղադրանքներով և անեծքներով վտարում «Եռաբլուր» այցելած ՀՀ  2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
 
 Տեսանյութի հրապարակումից հետո Քոչարյանի կողմնակիցները՝ սոցիալական ցանցերի կեղծ և իրական պրոֆիլներով նամակներով ու մեկնաբանություններով թիրախավորել էին Նանե Արզումանյանին ու զոհված զինվորի մայրիկին՝ սպառնալիքներ ու վիրավորանքներ գրել։

 «Գրեք,  ինչ ուզում եք խոսեք, դրանով մատնում եք, թե ով եք և ինչ եք ուզում: Այնքան մանրախնդիր եք, որ սկսել եք արտաքին տեսք քննարկել, ամենաանտակտ ստերը հորինել: Դուք երբեք չեք կարող ազդել ինձ վրա ձեր նվաղ բամբասանքով. այս հողը ծածկված է իմ ամենաթանկի արյամբ և դուք ամենաողորմելի արարածներն եք, որ որոշում կայացնեք՝ շնչե՞մ ձեզ հետ նույն օդը, թե՝ չէ: Ես ամեն օր ապրում եմ այն իրականության հետ, որը չեք տեսնում. իմ ընտանիքը կորցրել է իր ամենաթանկին, մեր ունեցածը թողել ենք Ջաբրայիլում, բայց շարունակում ենք գործով զորացնել մեր հայրենիքը. ընտանիքս մինչ օրս օգնում է վիրավոր զինվորներին, հրամանատարիս զոհվելուց հետո էլ ավագ որդին մեկնեց Արցախ ծառայության, որովհետև ամեն մեկիցս է կախված մեր Հայրենիքի ապագան, ոչ թե ձեր տերերից»,- ֆեյսբուքյան էջում գրել էր Նանեն։

 Զոհվածի մայրը՝ Գալինա Բաբայանը, ում երկու տղաները մասնակցել են պատերազմին, Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ տղաներից  Անդրանիկը «Սև հովազ» կամավորական ջոկատից է եղել, իսկ Սուրենը զոհվել է։

 Խոսելով Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպի մասին, հերոսների մայրն ասաց․«Քանի որ ես վիրավորել եմ Քոչարյանին՝ ինձ թվում է նրա կողմնակիցներն են, նրանք ասում են, թե ես հերոսների մայր չեմ, հայհոյանքներ են գրում և ասում, թե ես ծախվել եմ Նիկոլին։ Ես քաղաքականությունից հեռու մարդ եմ, բայց եթե Քոչարյանը ինձ չարհամարհեր՝ ես հունից դուր չէի գա։ Ինքը ինձ ասեց՝ գնա մեղավորին գտի ու իրեն հարցրու։ Ես 6 ամիս է տանջվում եմ, ումից իմանամ՝ ինչի՞ են զոհվել տղերքը»։
 
 Տիկին Գալինան պատմեց, որ ոստիկաններն այցելել են իրենց, բայց իրավական ընթացք չի տրվել կատարվածին, ասել են, եթե կրկին սպառնալիքներ հնչեն՝ դիմի իրենց։ 

 Հիշեցնենք՝ ՄԻՊ-ը երեկ հայտարարել էր, որ լրագրող Նանե Արզումանյանին սպառնալու կապակցությամբ գրություն կուղարկի Ոստիկանություն, սակայն մեզ հետ զրույցում ՄԻՊ խոսնակ Նունե Հովսեփյանը նշեց, որ գրությունը պատրաստ է, բայց դեռ չեն ուղարկել։

 «Սպասում ենք Նանե Արզումանյանը լրացուցիչ ինֆորմացիա փոխանցի և պետք է հավաստիանանք, որ լրագրողը արդեն դիմել է Ոստիկանություն», - ասաց նա։ ՄԻՊ-ը չի զբաղվի զոհվածի մոր շահերի պաշտպանությամբ։ Խոսնակը նշեց, որ Գալինա Բաբայանի մասով ՄԻՊ-ը դիմում չի ստացել։

 Նանե Արզումանյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց,  որ արդեն դիմել է Ոստիկանություն:

 Բայց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից ասացին, որ տեղյակ չեն լրագրողի դիմումից։ Հարցին՝ նյութեր չեն նախապատրաստվու՞մ, Ոստիկանությունից պատասխանեցին․ «Հարցրեք Նանե Արզումանյանին, թե որ վարչություն է դիմել»։
 
 Գեղամ Ադյան