Քաղաքացիակենտրոն
լրատվություն

200 պահված դիակի մասին խոսք լինել չի կարող, բոլոր մարմիններն ու մասունքներն արդեն ենթարկված են փորձաքննության․ԱՆ մամուլի քարտուղար

200 պահված դիակի մասին խոսք լինել չի կարող, բոլոր մարմիններն ու մասունքներն արդեն ենթարկված են փորձաքննության․ԱՆ մամուլի քարտուղար
Հասարակություն
15:59, 31 май 2021
Այսօր 44-օրյա պատերազմի ժամանակ անհետ կորածների հարազատները փակել էին Հերացի փողոցը, որտեղ գործում է Առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող Դատաբժշկական գիտագործնական կենտրոն ՊՈԱԿ-ը։ 

Անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանի խոսքով երկու օր առաջ բացահայտվել է, որ զոհվածների մարմինների թվի մեջ անճշտություն կա․ «Տարբեր սառնարաններից մարմիններ են ի հայտ գալիս։ Երեխեքի մարմինները տարբեր տեղեր պահած են եղել, հիմա հանում են կամաց-կամաց տալիս են։ Այսօր մատիտով գրած տվել են, որ կա 230 դիակ, 400-427 մասունք, բայց մի քանի օր առաջ լրիվ ուրիշ թվեր էին տվել։ Իրական թվերից խուսափելու համար մարմինները պահել էին»։ Արսեն Ղուկասյանի ներկայացնելով՝ մոտ 200 դիակի անճշտության մասին է խոսքը։

Civic.am
-ը կապ հաստատեց Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանի հետ՝ պարզելու ինչպես է առաջացել դիակների թվի անճշտությունը։ Ի պատասխան մեր հարցադրման՝ Հռիփսիմե Խաչատրյանն արձագանքեց․ «Բայց ու՞ր էինք պահել։ Մեր ունեցած բոլոր մարմիններն ու մասունքներն արդեն ենթարկված են փորձաքննության, նման բան չէր կարող լինել, դա անհնարին բան է։ 200 պահված դիակի մասին խոսք լինել չի կարող։ Նոր մարմին էլ չկա»։  

Մեր հարցին՝ բոլոր դիերն ու մասունքները ներկայացվե՞լ են զոհվածների ու անհետ կորածների հարազատներին՝ Հռիփսիմե Խաչատրյանը նախ նշեց, որ քիչ քանակությամբ մասունքներ կամ մարմիններ կան, որոնք այն վիճակում են, որ հյուսվածքներից սարքը չի կարողանում ԴՆԹ անջատել, այնուհետև շարունակեց․ «Բոլորին կանչել են ճանաչելու, ընթացակարգն է այդպես, նույնիսկ մասունքները, որ բերել են՝ դրանք էլ են ցուցադրվել, որովհետև մարդ կա մատին խալ ունի, ձեռքին ժամացույց ունի, փորձել են այդպիսի սպեցիֆիկ բաներով էլ ճանաչել։ Մենք արդեն մի պտույտն ավարտել ենք փորձաքննության։ Կան մասունքներ կամ մարմիններ, որոնցից ԴՆԹ չի հաջողվել անջատել, այսինքն սարքը չի կարողացել նույնականացնել։ Այդ մասունքների երկրորդ, երրորդ փուլն են արել, չորրորդի մասին է նույնիսկ խոսքը»։ 

Նարա Մարտիրոսյան