Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԿԳՄՍ նախարարությունը Արցախի հուշարձանների պահպանության հարցը ևս մեկ անգամ բարձրաձայնել է միջազգային հարթակում

ԿԳՄՍ նախարարությունը Արցախի հուշարձանների պահպանության հարցը ևս մեկ անգամ բարձրաձայնել է միջազգային հարթակում
Մշակույթ
22:14, 12 октябрь 2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը Արցախի պատմամշակութային ժառանգության, 44-օրյա պատերազմից հետո հակառակորդի վերահսկողության տակ անցած հուշարձանների պահպանման գործում կարևորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությունը: Նա շեշտում է, որ էական է նաև գիտական նյութը, որը պետք է հանրայնացնել՝ թարգմանելով բազմաթիվ լեզուներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը Խզմալյանը հիշեցրեց, որ վերջերս ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հետ մեկնել են Ֆրանսիա և Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մասնակցել են Անրի Վեռնոյի 100-ամյակին նվիրված միջոցառմանը:

«Այնտեղ հանդիպել ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին, տեղակալներին և ամենաբարձր մակարդակով բարձրացվել է Արցախի պատմամշակութային հուշարձանների պահպանության հարցը: Հարցի լուծման համար կարևոր են փորձագիտական խմբի անկախության և հավասարության կամ հավասարաչափության սկզբունքները լոկացիաների ընտրության հարցում: Կան այլ կարևոր հարցեր, որոնք կապված են համաձայնագրերի, կոնվենցիաների հետ»,-ասաց փոխնախարարը:

Խզմալյանը շեշտեց, որ ադրբեջանական կողմը հնարավոր եղանակներով խոչընդոտում է հարցի առաջընթացին: «Բարձրագույն մանդատը, որով կարող ենք անդրադառնալ խնդրին, ՅՈՒՆԵՍԿՕ-ն է, որին տրված է խնդրի բանակցային կարգավորումը: Հաճախ, երբ մարդիկ խոսում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած արժեքների մասին՝ մոռանում են, թե միջազգային առումով ինչ լծակներ կան հարցերի կարգավորման համար: Մենք  պետք է հստակ հասկանանք, թե ինչ իրավական  և այլ հնարավորություններ ունենք հարցը սրելու համար»,-ասաց նա և հավելեց, որ նախարարությունը հնարավոր բոլոր հարթակներում հարցը բարձրացնում է և բարձրացրել է:

Խզմալյանի խոսքով՝ չկա որևէ դեպք, որ նախարարությունում տեղի  ունենա հանդիպում միջազգային օղակների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ և օրակարգում չլինի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած պատմամշակութային ժառանգության պահպանման, դրա պատմական ու ծագումնաբանական  անխաթարության սկզբունքը: «Երբ խոսում ենք այդ արժեքների պահպանման մասին, նկատի ենք ունենում միայն ֆիզիկական անխաթարությունը, սակայն լրջագույն  խնդիր է պատմական կեղծիքների, պատմագիտական խեղաթյուրումների հարցը: Մեզ պետք է ռազմավարական կենտրոն ունենալ միջազգային տեղեկատվական դաշտում՝ հարցերն արթուն պահելու համար: Վստահեցնում եմ, որ արվում է ամեն բան հարցը սրելու ու արդյունքի հասնելու համար: Վստահ եմ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր լիազորությունների շրջանակում փորձում է անել ամեն ինչ. հարցը քննարկվում է հակամարտության տրամաբանությամբ, ինչը  լուրջ ձեռքբերում է»,-շեշտեց Արա Խզմալյանը: