Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ բռնցքամարտիկները 9 մեդալ են նվաճել Սլովենիայում կայացած «Արծաթե գոտի» մրցաշարում

Հայ բռնցքամարտիկները 9 մեդալ են նվաճել Սլովենիայում կայացած «Արծաթե գոտի» մրցաշարում
Սպորտ
16:03, 31 октябрь 2022
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը հոկտեմբերի 18-30-ը Սլովենիայում մասնակցել է «Արծաթե գոտի» միջազգային մրցաշարին և նվաճել 9 մեդալ՝ 3 ոսկե, 2 արծաթե, 4 բրոնզե։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարի չեմպիոն են հռչակվել 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը և 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը։ Վերջինիս մրցակիցը վնասվածքի պատճառով չի ներկայացել եզրափակիչ մենամարտին։

Վնասվածք է ունեցել նաև Հայաստանի ներկայացուցիչ, 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը: Բժիշկները նրան թույլ չեն տվել մասնակցել եզրափակիչ մենամարտին. մարզիկն արժանացել է արծաթե մեդալի։ Մրցաշարի փոխչեմպիոնի կոչումը նվաճել է 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը։

Եվս 4 հայ բռնցքամարտիկներ` 51 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 54 կգ քաշային Ջանիկ Սահակյանը, 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը նվաճել են բրոնզե մեդալներ ու կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին։

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը՝ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ, մրցաշարին մասնակցել է 11 մարզիկով։ IBA-ի նախաձեռնած այս մրցաշարին շուրջ 25 երկրի ավելի քան 300 բռնցքամարտիկ է մասնակցել։