Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Էվոկաբանկ»-ի կողմից Երևան համայնքին կտրամադրվի 300 միլիոն դրամ․ արդյունքում կվերակառուցվի և կհիմնանորոգվի նախկին գեղասահքի մարզադպրոցը և կկոչվի Երևանի մենապայքարային մարզաձևերի բարձրագույն վարպետության մարզադպրոց

«Էվոկաբանկ»-ի կողմից Երևան համայնքին կտրամադրվի 300 միլիոն դրամ․ արդյունքում կվերակառուցվի և կհիմնանորոգվի նախկին գեղասահքի մարզադպրոցը և կկոչվի Երևանի մենապայքարային մարզաձևերի բարձրագույն վարպետության մարզադպրոց
Սպորտ
13:22, 23 май 2023
Երևան քաղաքի ավագանու այսօրվա նիստում ավագանին դրական եզրակացություն տվեց «Որպես նվիրաբերություն գույք ընդունելու մասին» նախագծին։ Նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը։ 

Նախագիծը վերաբերում է «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի կողմից Երևան համայնքին տրամադրվող 300 միլիոն դրամը, որպես նվիրաբերություն ընդունելուն։

«Երևան համայնքի սեփականութուն հանդիսացող քաղաք Երևան Բագրատունյաց պողոտա 48/1 հասցեում գտնվող շենքի հիմնանորոգման նպատակով, որը նախկին գեղասահքի մարզադպրոցն է։ Վերակառուցման, հիմնանորոգման արդյունքում կունենանք նոր մարզադպրոց, որը կկոչվի Երևան քաղաքի մենապայքարային մարզաձևերի բարձրագույն վարպետության մարզադպրոց։ Սույն մարզադպրոցում կդասավանդվեն բռնցքամարտ, հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտեր, ձյուդո, քիքբոքսինգ, օլիմպիական մարզաձևեր։ Արդյունքում մեր բոլոր հավաքականների համար կունենանք նոր հարթակ՝ միջազգային մրցաշարերում մեր հաջողությունները ամրապնդելու և նոր հաղթանակներ գրանցելու համար»,- ասաց քաղաքապետի տեղակալը։

Ի հավելումն նա նշեց, որ ավագանու անդամների մոտ մտահոգություններ են եղել, որ միգուցե գործարքի մաս է հանդիսանում այս նվիրաբերությունը և հատուկ ուզում է նշել, որ որևէ գործարքի մաս չի հանդիսանում, այլ պարզապես դա «Էվոկաբանկ» հիմնադրի սրտացավության և բարի կամքի դրսևորում է։

Ելնելով վերագրյալի քաղաքապետի տեղակալը խնդրեց որոշմանը տալ դրական եզրակացություն։

Ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովն էլ քաղաքապետի տեղակալից հետաքրքրվեց, թե ինչպես է ընտրվել այդ վայրը, որովհետև դրան մոտիկ կա օրինակ՝ Շենգավիթի համալիրը, կամ ուղղորդել Աջափնյակ վարչական շրջան, որտեղ որևէ մարզադպրոց չկա, շենքային պայմաններ չկան։

Քաղաքապետի տեղակալն ասաց, որ իրոք կան վարչական շրջաններ, որտեղ չկան մարզադպրոցներ, բայց այդտեղ կան այլ ներդրումային ծրագրեր, որոնք այժմ ակտիվ քննարկման փուլում են դրա համար որոշեցին այս բացը լրացնել։

«Այստեղ կար կիսակառույց ենթակառուցվածք, ունեինք նաև մեր սպորտի ոլորտում բաց, մենապայքարային մարզաձևերի մասով համապատասխան վարչության կողմից առաջարկ եղավ այդ բացը լրացնել այդ ենթակառուցվածքն օգտագործելով, այսինքն՝ այս մի քանի գործոնները գումարած հնարավոր միջոցները ընտրությունը կանգնեց նախկին գեղասահքի մարզադպրոցի վրա»,-ասաց քաղաքապետի տեղակալը։