Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է իրանական Քերմանում տեղի ունեցած ահաբեկչությունը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է իրանական Քերմանում տեղի ունեցած ահաբեկչությունը
Աշխարհ
23:00, 04 январь 2024
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խստորեն դատապարտում է իրանական Քերմանում տեղի ունեցած ահաբեկչությունը և կոչ է անում պատասխանատվության ենթարկել դրա կազմակերպիչներին, հովանավորներին և մեղավորներին, ասվում է Անվտանգության խորհրդի մամուլի հաղորդագրության մեջ. գրում է ՌԻԱ Նովոստին։

«Անվտանգության խորհրդի անդամները խստագույնս դատապարտել են 2024 թվականի հունվարի 3-ին իրանական Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Անվտանգության խորհրդի անդամները վերահաստատել են, որ ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով հանդիսանում է միջազգային խաղաղության և անվտանգության ամենալուրջ սպառնալիքներից մեկը։

«Անվտանգության խորհրդի անդամներն ընդգծել են այս ահաբեկչական գործողության մեղավորներին, կազմակերպիչներին և հովանավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը: Նրանք կոչ են արել բոլոր պետություններին, միջազգային իրավունքով և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերով ստանձնած պարտավորություններին համապատասխան, ակտիվորեն համագործակցել կազմակերպության, Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության, ինչպես նաև այս առնչությամբ մյուս բոլոր իշխանությունների հետ»,- ասված է հայտարարության մեջ։

Անվտանգության խորհուրդը հաստատել է, որ ցանկացած ահաբեկչական գործողություն հանցավոր է և չունի արդարացում։

Ինչպես ավելի վաղ Civic.am-ը հայտնել էր, երեկ Իրանի հարավ-արևելքում գտնվող Քերման քաղաքում պայթյուններ են տեղի ունեցել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության չորրորդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված արարողության ժամանակ:

Իրանի ԻՌՆԱ պետական լրատվական գործակալության հաղորդագրության համաձայն՝ զոհվել է 84 մարդ և վիավորվել 284 մարդ:

Նշենք, որ Իրանի իշխանությունները հունվարի 4-ը սգո օր են հայտարարել։

Անահիտ Խաչատրյան