Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվան աջակցում է Ղազախստանի նախագահին՝ երրորդ ուժերին հորդորելով չմիջամտել

Մոսկվան աջակցում է Ղազախստանի նախագահին՝ երրորդ ուժերին հորդորելով չմիջամտել
Աշխարհ
18:12, 05 январь 2022
Մոսկվան մի կողմից հայտարարում է, թե երրորդ ուժերը չպետք է միջամտեն Ղազախստանում տեղի ունեցող զարգացումներին, մյուս կողմից` իր աջակցությունը հայտնում գործող նախագահին։ Ղազախստանն ի վիճակի է ինքնուրույն հաղթահարել ներքին խնդիրները, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ղազախստանում զանգվածային անկարգությունները:

Կրեմլի խոսնակը հավելել է, որ Նուր-Սուլթանը Մոսկվայից օգնություն չի խնդրել, ընդգծել է` կարևոր է, որ ոչ մի արտաքին ուժ չմիջամտի անկարգությունների հետ կապված իրավիճակին։

Ավելի վաղ հայտարարություն է տարածել նաև Ռուսաստանի արտգործնախարարութունը, որում նշված է, որ Մոսկվան ուշադիր հետևում է եղբայրական հարևան երկրում տեղի ունեցող իրադարձություններին և կողմ է բոլոր խնդիրների խաղաղ լուծմանը և երկխոսությանը Սահմանադրության շրջանակներում, այլ ոչ թե փողոցային անկարգությունների և օրենքների խախտման միջոցով։

Մոսկվան միաժամանակ իր աջակցությունն է հայտնում գործող նախագահին, այսպես Արտգործնախարարության տարածած հայտարարությունում նշված է, թե նախագահ Տոկաևի քայլերն ուղղված են իրավիճակի կայունացմանը և առկա խնդիրների օպերատիվ լուծմանը:

Ռուսաստանցի պատգամավորները, մինչդեռ, Ղազախստանում տեղի ունեցող զարգացումների հետևում տեսնում են Արևմուտքը։ Պետդումայի փոխխոսնակ Բորիս Չերնիշովը, մասնավորապես, կարծում է, որ Ղազախստանում բողոքի ակցիաներին ներգրավված են «Լոնդոնի և Վաշինգտոնի օբկոմները»: Նրա խոսքով՝ հուզումների պատճառ է դարձել Ղազախստանի իշխանությունների հավատարմությունը Կրեմլի հետ համագործակցության կուրսին:

«Ղազախստանի առաջնորդների միասնությունը, Մոսկվայի հետ կոոպերացիայի կուրսին հավատարիմ լինելը դուր չի գալիս լոնդոնյան և վաշինգտոնյան օբկոմներին։ Եվ այդ տղաներն առանց գործի չեն նստում», - հայտարարել է Չերնիշովը։

Ռուս պատգամավորը նշել է նաև, որ մարդկանց «դուրս են բերել հրապարակ» տնտեսական պատճառներով, որից հետո ցուցարարները սկսել են քաղաքական պահանջներ ներկայացնել:

Ղազախստանում անցած տարվա տվյալներով` ապրում է մոտ երեքուկես միլիոն ռուս կամ բնակչության շուրջ 18,5 տոկոսը, մեծ մասը երկրի հյուսիսային` Ռուսաստանի հետ սահմանակից շրջաններում։ Ղազախստանը Ռուսաստանի իշխանությունները համարում են իր համար մեկ դաշնակից երկիրը հետխորհրդային տարածքում, իսկ այդ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ում հեռացումը քաղաքականությունից այսօր պահանջում են ցուցարարները` վանկարկելով՝ «ծերո՛ւկ հեռացիր», ոչ միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ դաշնակիցն է, այլ նաև հետխորհդային ինտեգրացիոն նախագծերի, օրինակ` Եվրասիական տնտեսական միության կնքահայրը։

Եվ, իհարկե, Ղազախստանում ընթացող զարգացումներն այսօր ռուսական մամուլի և քաղաքագետների ուշադրության կենտրոնում են։ Ընդ որում, գնահատականները խիստ տարբերվում են, Կրեմլին մոտ կանգնած փորձագետները գրում են հավաքական Արևմուտքի ազդեցության հետևանքների մասին, իսկ Կրեմլից անկախ քաղաքագետները գրում են, որ ցանկացած բռնապետությունն ունի իր ժամկետը և վաղ թե ուշ միասնական ժողովրդական պոռթկումով պատմության աղբանոց է նետվում:

Տարբերվում են նաև հետագա զարգացումների հնարավոր սցենարները։

Մի մասը գրում է, թե Ղազախստանում կկրկնվի բելառուսական սցենարը, և գործող նախագահին կհաջողվի պահպանել իշխանությունը, իսկ ցուցարարները կհայտնվեն բանտերում, մի մասն էլ հակառակը՝ Տոկոևը իշխանությունը կկորցնի և հեղափոխության բերած նոր ուժերը իշխանություն կկազմեն։

Հիմնական հարցը, որ տալիս են ռուսաստանցի քաղաքագետները և պարզապես ռուսաստանցիները համացանցում, ինչպես կազդեն ղազախական իրադարձությունները Ռուսաստանի վրա, և ինչ հետևություն կանեն Մոսկվայում։ Մինչ այս զարգացումները իշխանության ֆորմալ տրանզիտը ղազախական սցենարով Ռուսաստանի իշխանությունները դիտարկում էին որպես հնարավոր ռուսական սցենար նաև։

Հայտնի քաղաքագետ Վյաչեսլավ Ինոզեմցևը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի իր բլոգում գրում է. «Շատ առումներով Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները հիշեցնում են 2011-ի ռուսական բողոքները, այն տարբերությամբ, որ այն ժամանակ նախագահ Դմիտրի Մեդվեդևը չէր համարձակվել դրանք իր օգտին օգտագործել։ Եվ այդ պատճառով էլ ղազախստանյան բողոքները ևս մեկ անգամ հաստատում են` ոչ մի տարանցում ո՛չ Բելառուսում, ո՛չ Ռուսաստանում չի լինի: Այստեղ առաջին դեմքերը բացարձակ իշխանությունը պահելու համար կդիմեն ցանկացած միջոցների և նույնիսկ ֆորմալ ձևով չեն հեռանա իշխանությունից»։

Սրա հետ մեկտեղ ռուսաստանցի քաղաքագետները արձանագրում են նաև, որ Կրեմլը չի կարող չհասկանալ, որ Ղազախստանում տեղի ունեցող զարգացումները վկայում են նաև նրա մասին, որ ցանկացած երկրի բնակչություն զարգացման ինչ-որ փուլում ըմբոստանում է օլիգարխական էլիտաների դեմ, ինչքան էլ այդ օլիգարխական ռեժիմը ամուր թվա։

Աղբյուր՝ azatutyun.am