Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պակիստանը հարվածել է Իրանին

Պակիստանը հարվածել է Իրանին
Տարածաշրջան
10:40, 18 январь 2024
Պակիստանն առավոտյան իրականացրել է Marg Bar Sarmachar հակաահաբեկչական գործողություն, որի շրջանակներում հարվածներ են հասցվել Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգներում գտնվող «ահաբեկիչների թաքստոցներին»։ Այս մասին հայտնում է Պակիստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Այսօր առավոտյան Պակիստանը մի շարք բարձր կոորդինացման և նպատակաուղղված բարձր ճշգրտության ռազմական հարվածներ է հասցրել Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգներում ահաբեկիչների թաքստոցներին,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:- Marg Bar Sarmachar ծածկանունով գործողության շրջանակներում, որն իրականացվել է առկա հետախուզական տվյալների հիման վրա, սպանվել են մի քանի ահաբեկիչներ»: 

Ըստ Պակիստանի ԱԳՆ մամուլի ծառայության՝ Թեհրանի հետ շփումների վերջին մի քանի տարիների ընթացքում Իսլամաբադը «լուրջ մտահոգություն է հայտնել Իրանի չկառավարվող տարածքներում թաքստոցների վերաբերյալ, որոնցից օգտվում են պակիստանյան ծագումով ահաբեկիչները՝ իրենց անվանելով «սարմաչարներ» (բելուջական ազգայնականներ): Նշվում է, որ Պակիստանը իրանական կողմին է փոխանցել «այդ ահաբեկիչների ներկայության և գործունեության կոնկրետ ապացույցներով դոսյե» նշված տարածքներում։ «Առավոտյան գործողությունը ձեռնարկվել է, այսպես կոչված, սարմաչարների կողմից մոտալուտ լայնածավալ ահաբեկչական ակտիվության վերաբերյալ հավաստի տեղեկություններ ստանալու նկատառումով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 
«Պակիստանը ամբողջովին հարգում է Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Այսօրվա գործողության միակ նպատակը Պակիստանի սեփական անվտանգության ու ազգային շահերի ապահովումն էր, որոնք առաջնահերթ նշանակություն ունեն և չեն կարող դրվել սպառնալիքի տակ»,- ընդգծել են երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունում։

Reuters-ը, հղում անելով Պակիստանի հետախուզության աղբյուրին, հայտնում է, որ Պակիստանի ռազմաօդային ուժերը գիշերը հրթիռային հարվածներ հասցնելիս Իրանի թիրախներին մտել են Իրանի օդային տարածք և վերադարձել ահաբեկիչների թաքստոցներին հարվածներ հասցնելուց հետո։ Թե քանի ինքնաթիռ է ներգրավվել գործողությանը, չի նշվում։
Tasnim գործակալությունը միաժամանակ հաղորդել է, որ Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգների Սերավան շրջանի մերձակայքում պայթյունների հետևանքով յոթ մարդ է զոհվել։ Սիստան և Բելուջիստանի նահանգապետի՝ անվտանգության հարցերով տեղակալի խոսքով՝ պայթյունի հետևանքով զոհվել են երեք կին և չորս երեխա: Սպանվածները չեն եղել Իրանի քաղաքացիներ։ Հաղորդվում է նաև, որ տեղական ժամանակով ժամը 04:30-ի սահմաններում Սերավան շրջանի սահմանամերձ գյուղերից մեկում տեղի է ունեցել մի քանի պայթյուն։ Նշվում է, որ շրջանի վարչական կենտրոնից՝ Սերավան քաղաքից ոչ հեռու գրանցվել է ևս մեկ պայթյուն, որի հետևանքով ոչ ոք չի տուժել։