Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փաշինյանը ի վիճակի է վերադարձնել գերիներին․ «Իմ քայլի» պատգամավոր Ալեքսեյ Սանդիկով

Փաշինյանը ի վիճակի է վերադարձնել գերիներին․ «Իմ քայլի» պատգամավոր Ալեքսեյ Սանդիկով
Տարածաշրջան
12:20, 12 апрель 2021
Փաշինյանը ի վիճակի է վերադարձնել գերիներին, քանի որ այստեղ խոսքը ոչ միայն մեկ անձի մասին է, դա մեր պետության գերակա շահն է, և ես գտնում եմ, որ պետության ղեկավարը անում է, ուզում է և պարտավոր է այդ խնդիրը ի կատար ածել։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը։

«Մուրադովի հայտարարությունը չէի մեկնաբանի, քանի որ տեղյակ չեմ բուն պրոցեսից՝ որտեղ էր գնացել ինքնաթիռը, ինչ օրակարգ ուներ, ով էր այնտեղից մեկնում։ Իհարկե, հասկանում ենք, որ պրոցեսը բարդ է, և Ադրբեջանական կողմը արհեստական խոչընդոտներ է ստեղծում՝ գերիների վերադարձի հետ կապված, իր տեսլականով մեկնաբանություններ է տալիս առ այն, որ այդ մարդիկ գերիներ չեն, այլ դիվերսանտներ են»,- նշեց նա։

Ըստ Սանդիկովի՝ Ռուսաստանը ամենամեծ միջնորդական դերն է ստացել այս հակամարտության կարգավորման փուլում, և գերիների վերադարձը մեր երկու պետությունների առաջին այրերի հանդիպման օրակարգային թերևս ամենագլխավոր հարցերից է, որը բնականաբար շարունակում է մնալ իշխանությունների օրակարգի ամենաբարձր տեղում։

Հարցին, թե պետք չէ՞ր արդյոք  սպասել ռազմագերիների վերադարձին, նոր հայտարվեր դրա մասին, պատգամավորը նշեց, որ յուրաքանչյուր մարդ կարող է ունենալ իր տեսակետը, ամեն դեպքում համաձայնագիրը եռակողմ ստորագրված է։ Պետական այրերի ամենաբարձր մակարդակում այդ հարցը օրակարգային է․ «Թե հիմա ով՝ ոնց է մոտենում, մենք լրացուցիչ էմոցիոնալ ֆոն ենք հաղորդում առանց այդ էլ այս բարդ խնդրին։ Սա զգայուն թեմա է բոլորիս համար, մենք ինչ-որ արհեստական օրակարգ ենք ստեղծում՝ չմտածելով, որ մեր համաքաղաքացիների հույզերի հետ ենք խաղում։ Քաղաքական դաշտում բոլոր կողմերից էլ այդ թեմայի հետ կապված փորձում են արհեստական բաներ ստեղծել»։

Անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի կառուցման թեմային՝ պատգամավորը նշեց, որ դա ռեալ է և դիտարկվում է ընդհանուր Ռուսաստանի կողմից կատարվող պոտենցիալ ներդրումների և հայ-ռուսական տնտեսական համագործակցության խորացման համտեքստում։