Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-սիրիական համագործակցությանն առնչվող հարցեր

Դամասկոսում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆեյսալ ալ-Միկդադի հետ:

Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել գործընկերոջն ու Սիրիայի բարեկամ ժողովրդին փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ՝ հայտնելով Հայաստանի և հայ ժողովրդի զորակցությունը:
Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանի կառավարության կողմից ուղարկված փրկարար ջոկատներն առաջիններից էին Սիրիայում՝ հավելելով, որ Հայաստանից մարդասիրական օգնության արդեն երեք խմբաքանակ է ուղարկվել աղետից տուժած շրջաններ:

Արտաքին գործերի նախարարները քննարկել են նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-սիրիական համագործակցությանն առնչվող հարցեր:

Կողմերն արձանագրել են, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են հայ և սիրիացի ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա: Այս առումով ընդգծվել է, որ Սիրիայի հայկական համայնքը յուրահատուկ կամրջի դեր է խաղում երկու երկրների միջև:

Հանդիպման օրակարգում էին նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրները: Արարատ Միրզոյանը Ֆեյսալ ալ-Միկդադին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները: