Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բնակարաններ վարձակալության տալու համար պարտադիր պայման կլինի պայմանագիր կնքելն ու եկամտահարկ վճարելը

Բնակարաններ վարձակալության տալու համար պարտադիր պայման կլինի պայմանագիր կնքելն ու եկամտահարկ վճարելը
Տարածաշրջան
19:51, 24 август 2023
Բնակարաններ վարձակալության տալու համար պարտադիր պայման կլինի պայմանագիր կնքելն ու այն Կադաստրի կոմիտեում գրանցելը։ Կառավարության հավանությանն արժանացած՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն արդեն իսկ ուղարկվել է Ազգային ժողով։ 

Նախատեսվում է օրենքը կիրառել Հոկտեմբերի 1-ից, այսինքն՝ այդ ժամանակահատվածից սկսած բնակարանի վարձատուն պետք է վճարի եկամտահարկ։  

ՊԵԿ-ն այս նախագծում ընդգծել է, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կնվազի գույքի վարձակալության ոլորտում առկա ստվերը, քանի որ վարձակալության պայմանագիրը պետական գրանցում կստանա և դուրս չի մնա հարկային դաշտից։ Նախագծով եկամտահարկի վճարումից խուսափելու համար տույժ է սահմանված: «Ձեռնարկատիրական գործունեություն համարվելու դեպքում համապատասխանաբար՝ վարձատուից գանձվում է տուգանք անշարժ գույքի՝ օրենքով սահմանված կարգով գնահատված՝ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամը: Խախտումն արձանագրելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում գանձվում է տուգանք անշարժ գույքի՝ օրենքով սահմանված կարգով գնահատված՝ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան մեկ միլիոն դրամը»,- գրված է նախագծում։

Առաջարկվում է նաև որոշ դեպքերում վարձատուին ազատել պատասխանատվությունից, մասնավորապես, երբ հարկ վճարողը անշարժ գույքի վարձակալությունից ստացվող եկամուտներից oրենսգրքով սահմանված կարգով հաշվարկել է եկամտային հարկը։ Այս կետը վերաբերում է այն դեպքերին, երբ ՊԵԿ-ի օպերատիվ հետախուզական միջոցառումն իրականացվում է այն ավարտված հաշվետու ժամանակաշրջանների մասով, որոնց գծով լրացել է նաև հարկային հաշվարկի ներկայացման վերջնաժամկետը. «Պատասխանատվությունը չի կիրառվի նաև այն դեպքում, երբ առանց վարձակալության գործարքից ծագող իրավունքների պետական գրանցման անշարժ գույքը վարձակալության հանձնվել և այդ հարկային տարվա ընթացքում անշարժ գույքի հետ կապված եկամտի ստացման իրավունքի վերաբերյալ հարկային մարմին է ներկայացվել հայտարարություն (վերաբերում է այն դեպքերին, երբ օպերատիվ հետախուզական միջոցառման իրականացման հարկային տարվա ընթացքում փաստացի վարձակալությունը առկա է)»,- մեջբերված է նախագծում: