Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զախարովան մեկնաբանել է «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահներին դուրս բերելու Երևանի որոշումը

Զախարովան մեկնաբանել է «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահներին դուրս բերելու Երևանի որոշումը
Ռուսաստան
17:49, 13 март 2024
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու վերաբերյալ որոշումները կկայացվեն միջգերատեսչական մանրակրկիտ աշխատանքի արդյունքներով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով «Զվարթնոց»-ում սահմանային անկախ վերահսկողություն իրականացնելու Երևանի մտադրությունը։

Զախարովայի խոսքով՝ Երևանը Մոսկվային տեղեկացրել է գերատեսչական խողովակներով, մինչդեռ դիվանագիտական  խողովակներով  հաղորդագրություններ չեն ստացվել։ 

Նա ընդգծել է, որ հետագա բոլոր գործողությունները կորոշվեն միջգերատեսչական մանրակրկիտ աշխատանքից հետո։

Զախարովան նաև նշել է, որ Հայաստանի այս որոշումը հնչել է Երևանի մի շարք գործողությունների և հայտարարությունների ֆոնին, որոնք կարող են գնահատվել որպես ոչ բարեկամական։ Նա կասկած է հայտնել, որ նման նախաձեռնությունները կնպաստեն Հայաստանի և նրա քաղաքացիների անվտանգությանը՝ հաշվի առնելով Ռուսաստանի և Հայաստանի սահմանապահ ծառայությունների միջև երկար տարիների արդյունավետ համագործակցությունը, որոնք ձեռք ձեռքի աշխատել են ընդհանուր նպատակների հասնելու համար։