Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ. ԱԳՆ խոսնակ

Այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ. ԱԳՆ խոսնակ
---
15:45, 23 октябрь 2021
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը պատասխանել է լրատվամիջոցների հարցերին՝ միաժամանակ մեկնաբանելով շրջանառվող լուրերը, ըստ որոնց՝ առաջիկայում Փաշինյան-Ալիև հանդիպում է սպասվում :

«Վարչապետ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է բարձր և բարձրագույն մակարդակով վերսկսել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն Ադրբեջանի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և մանդատի ներքո:

Միևնույն ժամանակ, 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության հիման վրա՝ Հայաստանը ներգրավված է եռակողմ (Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան) աշխատանքային քննարկումներում, որոնք վերաբերվում են տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը: 2021 թվականի մայիսից ի վեր եռակողմ ֆորմատով քննարկվել է նաև ՀՀ տարածքից ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների դուրսբերումը ու Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի հնարավոր մեկնարկի գաղափարը, որը մինչ այս պահը կյանքի չի կոչվել:

Սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի, ինչպես նաեւ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում խորհրդատվական օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահող երկրները՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, ինչպես նաև Եվրամիությունը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերը նշված օրակարգի մասին հայտարարել է դեռ ամիսներ առաջ և հետևողական է լինելու դրա առաջմղման, Հայաստանի Հանրապետության և Արցախի շահերը պաշտպանելու, տևական խաղաղություն և կայունություն հաստատելու հարցում:
Միևնույն ժամանակ ուզում եմ ընդգծել, որ այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ։ Կան տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, որոնք քննարկման փուլում են:

Ուզում եմ նաև ընդգծել, որ այս թեմայի շուրջ որոշ շրջանակների տարածած լուրերը ակնհայտ սադրիչ բնույթ ունեն և իրականությանը չեն համապատասխանում: Իրավիճակի մեջ ճիշտ կողմնորոշվելու համար խորհուրդ կտայի ուսումնասիրել 2021 թվականի հունվարի 11-ի մոսկովյան եռակողմ հանդիպմանը նախորդած լուրերը, պնդումները, «բացահայտումները», ծանոթանալ հանդիպման արդյունքներին ու բովանդակությանը և հետահայաց վերլուծել, թե որքանո՞վ էին համապատասխանում հանդիպումից առաջ տարածվող լուրերը իրականությանը»,- ասված է տարածվա հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ այսօր ռուսական ԶԼՄ-ները լուրեր էին տարածել, ըստ որոնց, Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը կարող է տեղի ունենալ նոյեմբերի առաջին տասնօրյակում և որ ծրագրվում է եռակողմ հայտարարությունների ստորագրում: Ապա տեղեկությունը մեկնաբանել էր նաև ՌԴ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, նշելով՝ «Եթե նման պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք ժամանակին կտեղեկացնենք այդ մասին»: