Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռազմական կցորդներն այցելել են պաշտպանության նախարարություն

Ռազմական կցորդներն այցելել են պաշտպանության նախարարություն
---
19:58, 17 май 2021
Մայիսի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիպում է անցկացվել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ռազմական կցորդների հետ. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:


ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանը ներկայացրել է ս.թ. մայիսի 12-ից սահմանների ճշգրտման պատրվակով ադրբեջանական ԶՈւ կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ որոշ տարածքների հանդեպ իրականացված ոտնձգություններից հետո ստեղծված իրադրությունն ու դրա զարգացման ընթացքը:

Նշվել է, որ չնայած այն հանգամանքին, որ, ըստ ձեռք բերված պայմանավորվածության, ադրբեջանական զինվորականների մի քանի խմբեր նախորդ օրերին և այսօր վերադարձել են իրենց ելման դիրքեր, փաստացի խնդիրը դեռևս հանգուցալուծված չէ և Հայաստանի Հանրապետության տարածքում շարունակում են գտնվել ադրբեջանական զինվորականներ:

Նշվել է նաև, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ ցանկացած ոտնձգություն բացարձակ անընդունելի է, և ադրբեջանական կողմը պարտավոր է առանց նախապայմանների վերադառնալ իր ելման դիրքեր։