Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հարստացի՛ր և հարստացրո՛ւ»՝ մարդկանց տալիս ենք հետևյալ ուղերձը․ Նիկոլ Փաշինյան

«Հարստացի՛ր և հարստացրո՛ւ»՝ մարդկանց տալիս ենք հետևյալ ուղերձը․ Նիկոլ Փաշինյան
Տնտեսություն
13:05, 06 март 2024
Նիկոլ Փաշինյանը Եգիպտոսի գործարարների հետ հանդիպման ժամանակ նրանց է ներկայացրել Հայաստանի տնտեսական աճն ու կարևորել, որ հենց դա է երկրի տնտեսական թիվ մեկ բնորոշիչը։

«Ե՛վ 2019-ին, և՛ 2022-ին, և՛ 2023-ին մենք տնտեսական աճի ցուցանիշով աշխարհում երկրների առաջին տասնյակի մեջ ենք: Եվ սա չնայած, ցավոք, մեր տարածաշրջանի և ընդհանրապես գլոբալ անկայունության և մարտահրավերների պայմաններում: Իմ գնահատականն այն է, որ տնտեսական աճն ապահովվում է Կառավարության հետևյալ մոտեցման և կարգախոսի շնորհիվ, երբ մենք, դիմելով մարդկանց, նրանց տալիս ենք հետևյալ ուղերձը՝ «հարստացիր և հարստացրու»»,- ասել է նա:Վարչապետի խոսքով՝ վերջին 6 տարիների ընթացքում Հայաստանի պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելացել են շուրջ 92 տոկոսով, այսինքն՝ գրեթե կրկնապատկվել է:Վերջինս հույս է հայտնել, որ այս տարվա արդյունքներով պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելի քան կրկնապատիկով կաճեն․ «Ներդրողների համար հետաքրքրության մի ուղղությունը կարող են լինել պետական կապիտալ ծրագրերը և, ընդհանրապես, պետական ներդրումների ոլորտը: Հայաստանի կառավարությունը հիմա արդեն մոտավորապես 1 մլրդ դոլարի չափով կապիտալ ներդրումներ է անում ամենատարբեր ոլորտներում, որը Հայաստանի համար շատ մեծ և բարձր ցուցանիշ է, ինչը վերջին վեց տարիների ընթացքում ավելի քան կրկնապատկվել է»։

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ ՀՀ-ն ունի ծրագրեր, որոնցով պիտի աջակցի պոտենցիալ ներդրողներին, այդ թվում՝ գնումներին մասնակցող. «Կա նաև տնտեսական արդիականացման ծրագիր, որտեղ, օրինակ, շինարարական ոլորտի ընկերությունները կարող են Կառավարության սուբսիդավորմամբ ձեռք բերել բարձրակարգ շինարարական տեխնիկա, տրանսպորտային միջոցներ և արտադրական սարքավորումներ»: