Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ՕՊԵԿ+»-ը կտրուկ կրճատում է նավթի արդյունահանումը

«ՕՊԵԿ+»-ը կտրուկ կրճատում է նավթի արդյունահանումը
Տնտեսություն
21:55, 05 октябрь 2022
«ՕՊԵԿ+»-ը որոշել է այս տարվա նոյեմբերից կտրուկ կրճատել նավթի արդյունահանումը։ Ըստ որոշման՝ կազմակերպության անդամ երկրները ստիպված կլինեն օրական երկու միլիոն բարելով կրճատել արդյունահանումը օգոստոսին հաստատված քվոտաներից։ Bloomberg-ի գնահատումներով՝ իրական կրճատումը կկազմի օրական մոտ 900 հազար բարել։ «ՕՊԵԿ+»-ի հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ նավթի արդյունահանման գործարքը կերկարաձգվի մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը։

Նավթի արդյունահանման կրճատման որոշման մասին տեղեկությունը հաստատել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ Նա նշել է, որ միջոցառումն անհրաժեշտ է կայունացնելու իրավիճակը համաշխարհային շուկայում մինչև պահանջարկի սեզոնային նվազումը։

Ավելի վաղ Bloomberg-ը գրել էր, որ կազմակերպության որոշ անդամներ արդեն նորմայից շատ ավելի քիչ նավթ են արդյունահանում և կկարողանան նոր սահմանաչափը կատարել՝ առանց արդյունահանման սահմանափակման անհրաժեշտության։ Որոշման հիման վրա Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի արդյունահանման օրական քվոտան կրճատվել է մինչև 10,5 մլն բարել՝ հաղորդում է «Ինտերֆաքսը»։

«ՕՊԵԿ+»-ի հանդիպման նախօրեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը փորձել է հետ պահել երկրներին նավթի արդյունահանման վերաբերյալ նման որոշում կայացնելուց՝ բացատրելով ներկա տնտեսական իրավիճակում դրա անհրաժեշտության բացակայությամբ։ ԱՄՆ-ում «ՕՊԵԿ+»-ի երկրների կողմից նավթի արդյունահանման կրճատումը որակվել է որպես «համընդհանուր աղետ» և «թշնամական գործողություն»։