Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարող ենք նկատի ունենալ, որ հայեր են այն Ադրբեջանի քաղաքացիները, որոնք ՀՀ-ում անշարժ գույք են ձեռք բերել. Կադաստրի կոմիտեի ղեկավար․ տեսանյութ

«Հայաստանն ունի շուրջ 14 տոկոս տնտեսական ակտիվություն, և այդ ակտիվության մեջ շինարարության ոլորտը ևս ցուցաբերել է այդքան ակտիվություն, և նորմալ է, որ անշարժ գույքի ոլորտում ներդրումներ կատարվեն։ Մեր գնահատմամբ՝ դա լավ ցուցանիշ է, երբ հայաստանյան անշարժ գույքի շուկայում ներդրումներ են կատարվում արտասահմանյան քաղաքացիների կողմից։ Եվ ՌԴ քաղաքացի լինելու հանգամանքը դեռ չի փաստում, որ իրենք ազգությամբ հայեր չեն»,- այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։  

Նշենք, որ օրերս մենք հրապարակում էինք արել այն մասին, որ ՌԴ քաղաքացիների կողմից Հայաստանում այս տարի ձեռք բերված անշարժ գույքը 252-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածին։

Մեր հարցին՝ Հայաստանում նաև Թուրքիայի ու Ադրբեջանի քաղաքացիների կողմից են անշարժ գույք ձեռք բերվել, Ադրբեջանի քաղաքացի ասելով կարո՞ղ ենք նկատի ունենալ, որ իրենք էլ ազգությամբ հայեր են, Կադաստրի կոմիտեի ղեկավարն արձագանքեց. «Այո, հենց այդպես էլ կարող ենք նկատի ունենալ։ Մենք պետք է տարանջատենք՝ գյուղատնտեսական նշանակության հողեր բացառապես ՀՀ քաղաքացի և ռեզիդենտը կարող են ձեռք բերել։ Անշարժ գույք ասելիս խոսքը բնակարանների, արտադրական կամ հասարակական տարածքների մասին է, և այստեղ պետք չէ ընդհանրապես մտավախություն ունենալ՝ քաղաքացին լինի Թուրքիայի կամ Ադրբեջանի։ Այո, դա նորմալ է, որովհետև ՀՀ քաղաքացիներն էլ բազմաթիվ երկրներում են ձեռք բերում անշարժ գույքեր, դա ներդրում է և ներդրում է կոնկրետ պետության տնտեսության մեջ, և դա է գուցե, որ մեր շինարարական շուկան միշտ ակտիվ վիճակում է։ Մենք խնդիր չենք տեսնում, այս տարի էլ եղել են նման դեպքեր»։ 
 
Նշենք, որ Կադաստրի կոմիտեի տրամադրած տվյալների համաձայն՝ 2012թ.-ից մինչև 2019թ. Ադրբեջանի քաղաքացիները Հայաստանում ձեռք են բերել 6 անշարժ գույք՝ 4 բնակարան, 1 հասարակական տարածք և 1 բնակելի տուն։ Իսկ Թուրքիայի քաղաքացիները 2005-2021թթ. ընկած ժամանակահատվածում ձեռք են բերել 83 անշարժ գույք։ 2021թ. Թուրքիայի քաղաքացիների կողմից Երևանում ձեռք է բերվել 8 բնակարան, իսկ 2022թ. հունվարից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում՝ 10 բնակարան։ 2022թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Ադրբեջանի քաղաքացիները ձեռք են բերել 1 բնակարան Երևանում և 1 անհատական բնակելի տուն Լոռիում։

Նարա Մարտիրոսյան