Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Standard and Poor’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի սուվերեն «B+» վարկանիշը՝ հեռանկարը փոխելով «կայունից» դեպի «դրական»

«Standard and Poor’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի սուվերեն «B+» վարկանիշը՝ հեռանկարը փոխելով «կայունից» դեպի «դրական»
Տնտեսություն
14:38, 25 февраль 2023
«Standard and Poor’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ/կարճաժամկետ սուվերեն վարկավորման «B+»/«B» վարկանիշները՝ միևնույն ժամանակ հեռանկարը փոխելով «կայունից» դեպի «դրական»․ տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։

Համաձայն «Standard and Poor’s» գործակալության դիտարկումների՝ վարկանիշի հեռանկարի վերանայումը պայմանավորված է Հայաստանի տնտեսության բարձր աճի տեմպերով և տնտեսության ներուժի բարելավման հեռանկարով, պետական բյուջեի ցուցանիշների, պետական պարտքի բեռի և տնտեսության արտաքին դիրքի էական բարելավմամբ, ինչին նպաստել է նաև ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում մարդկանց և կապիտալի էական ներհոսքը:

Ընթացիկ վարկանիշի վրա դրական ազդեցություն են գործում արտաքին պաշտոնական ֆինանսավորման աղբյուրների հասանելիությունը և մակրոտնտեսական քաղաքականության ողջամիտ շրջանակը, ինչը վերջին տարիներին բազմաթիվ արտաքին ցնցումների պայմաններում օգնել է պահպանել տնտեսական և ֆինանսական կայունությունը:

Գործակալության գնահատմամբ առաջիկա ամիսների ընթացքում տնտեսական աճի բարձր մակարդակի, ինչպես նաև հարկաբյուջետային քաղաքականությանը, վճարային հաշվեկշռին և ֆինանսական կայունությանն առչնվող ռիսկերի կառավարելիության պարագայում Հայաստանի սուվերեն վարկանիշը ենթակա կլինի բարձրացման: Ընդ որում՝ այդ գործում ընդգծվում է նաև Արժույթի միջազգային հիմնադրամի հետ իրականացվող պահուստային (կանխարգելիչ) ծրագրի կարևորությունը:

Գլոբալ անորոշությունների պարագայում գործակալության կողմից հատուկ ուշադրության են արժանացել 2022թ. Հայաստանի 12.6% տնտեսական աճը, ինչպես նաև Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշի նշանակալի նվազեցումը, ինչը մեծապես պայմանավորված էր տնտեսական բարձր աճով, բյուջեի՝ պլանավորվածից ցածր դեֆիցիտով և ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժևորմամբ: Ընդ որում գործակալության գնահատմամբ առաջիկա տարիներին տնտեսական աճի ներուժը մեծ հավանականությամբ կաճի, իսկ պարտքի բեռը կպահպանվի կայուն և կառավարելի մակարդակում:

Գործակալությունն առանձնացրել է նաև Հայաստանի էական կախվածության բացակայությունը էներգակիրների միջազգային բարձր գների ազդեցությունից՝ նշելով Ռուսաստանի Դաշնության հետ բնական գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագրերի առակայությունը: