Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատարանը մերժեց Արմեն Գևորգյանի կալանքի տակ գտնվող բանկային հաշվից ԱԺ հետփոխանցում կատարել

Դատարանը մերժեց Արմեն Գևորգյանի կալանքի տակ գտնվող բանկային հաշվից ԱԺ հետփոխանցում կատարել
Իրավունք
14:53, 12 октябрь 2021
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացավ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով հերթական դատական նիստը։

Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը 2 միջնորդություն էր ներկայացրել դատարան։ Դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ առաջին միջնորդությունը վերաբերում է սահմանային արգելքը վերացնելուն, իսկ երկրորդ միջնորդությունը՝ կալանքից ազատ բանկային հաշիվ ունենալուն և կալանքի տակ գտնվող բանկային հաշվից փոխանցում կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ։ 

Լուսինե Սահակյանն ընդգծեց, որ Արմեն Գևորգյանին դատարանը չի թույլատրել մեկնել Ստրասբուրգ ԵԽԽՎ նիստերին մասնակցելու, սակայն այդ ընթացքում Արմեն Գևորգյանի հաշվեհամարին փոխանցվել է գործուղման համար 404 729 դրամ օրապահիկ, որը նրա կողմից բնականաբար չի օգտագործվել և ԱԺ-ի նկատմամբ առաջացել է պարտք, որը ենթակա է վերադարձման․ «Քանի որ նշված հաշվեհամարը գտնվում է արգելանքի տակ և Արմեն Գևորգյանը զրկված է գումարը ԱԺ հետ վերադարձնելուց, ուստի դատարանի թույլտվությունն է անհրաժեշտ գումարը ԱԺ համապատասխան գանձապետական հաշվին հետ վերադարձնելու համար։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արմեն Գևորգյանը հանդիսանալով ԵԽԽՎ անդամ պարբերաբար գտնվելու է գործուղումների մեջ և նրա բանկային հաշվեհամարին փոխանցվելու են գործուղման ծախսերի գումարները, որոնք պետք է օգտագործվեն նրա կողմից՝ հետևաբար խնդրում եմ թույլ տալ Արմեն Գևորգյանին ունենալ առնվազն մեկ բանկային հաշվեհամար արգելանքից ազատված, որի միջոցով նա հնարավորություն կունենա օգտագործել որպես ԵԽԽՎ անդամի անհրաժեշտ գումարները, ինչպես նաև ԱԺ-ին հետ վերադարձնել օրապահիկի գումարը»։ 

Դատարանը պաշտպան Լուսինե Սահակյանի միջնորդությունը թողեց առանց քննության՝ նշելով, որ պաշտպանական կողմը զրկված չէ ավելի ուշ ներկայացնելու միջնորդությունը, իսկ հիմա այդ միջնորդությունը ոչ ժամանակին է ներկայացված, քանի որ դատարանն արդեն իսկ որոշել էր թե այն որ պահին պետք է լուծում ստանա․ «Սույն քրեական գործով դատական նիստի նախապատրաստական մասի ընթացքում դատարանը քննության է առել Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու հարցը և որոշել է միջնորդության լուծումը հետաձգել մինչ կալանդրված գույքի արժեքը որոշելը»,-ասաց Աննա Դանիբեկյանը։ 

Պաշտպան Լուսինե Սահակյանն առարկեց դատարանի որոշման դեմ։ Արմեն Գևորգյանն էլ ընդգծեց, որ փաստորեն այդ գումարը մնալու է օդում կախված, և ինչ պատասխան պետք է տա ԱԺ-ին՝ գումարի վերադարձի վերաբերյալ։