Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվայում նշանակված ԵԽԽՎ նիստին հնարավոր է նաև առցանց մասնակցել. դատավորը մերժեց Արմեն Գևորգյանին թույլատրել երկրից բացակայել

Մոսկվայում նշանակված ԵԽԽՎ նիստին հնարավոր է նաև առցանց մասնակցել. դատավորը մերժեց Արմեն Գևորգյանին թույլատրել երկրից բացակայել
Իրավունք
15:30, 12 октябрь 2021
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացավ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով հերթական դատական նիստը։

Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանի կողմից դատարան ներկայացված միջնորդություններից մեկը վերաբերում էր ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի նկատմամբ սահմանային արգելքը վերացնելուն։ Միջնորդության հիմքում Արմեն Գևորգյանին ԵԽԽՎ նիստերին չթույլատրելը և դատարանի կողմից երկու անգամ սահմանը հատելու միջնորդությունները մերժելն էր։ Պաշտպանը նշեց, որ դատարանն իր գործողություններով արգելում է Արմեն Գևորգյանին իր պարտականությունները կատարել ԵԽԽՎ-ում։ 

«2021թ. դեկտեմբերի 1-ին Մոսկվայում նշանակված է ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովի նիստ, որին պետք է մասնակցի նաև Արմեն Գևորգյանը»,- ասաց Լուսինե Սահակյանն ու միջնորդությամբ խնդրեց կա՛մ վերացնել Արմեն Գևորգյանի սահմանային սահմանափակումներն ընդհանրապես, կա՛մ 2021թ. նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում թույլատրել նրան բացակայել Հայաստանից։   

Լուսինե Սահակյանը նշեց, որ վաղօրոք է ներկայացնում միջնորդությունը՝ հաշվի առնելով, որ Ստրասբուրգ մեկնելու համար ԱԺ-ն գումարային վնասներ է կրել, երբ գնել է ավիատոմսերը Արմեն Գևորգյանի համար, սակայն դատարանը թույլ չի տվել սահմանը հատել, և այդ պարագայում հնարավոր չի եղել արդեն հետ ստանալ ավիատոմսերի գումարը։ 

Մեղադրող դատախազն ընդգծեց, որ Արմեն Գևորգյանի սահմանային սահմանափակումներն ընդհանրապես վերացնելու հիմքեր այս պահին առկա չեն։  Դատախազը նշեց նաև, որ ներկայացված փաստաթղթերով հիմնավորված չէր՝ արդյոք այդ մշտական հանձնաժողովի նիստին հենց ամբաստանյալ Արմեն Գևորգյա՞նը պետք է մասնակցի, որպեսզի նրան թույլատրվի ժամանակավոր բացակայել երկրից։ Դատախազը նաև մատնանշեց, որ պաշտպանական կողմը չի հերքել, որ հանձնաժողովի նիստին հնարավոր է ներկա գտնվել նաև առցանց տարբերակով, և առկա ու հեռավար մասնակցության միջև քննարկումների էական տարբերություն չի ներկայացվել։ Դատախազը միջնորդեց մերժել պաշտպանի միջնորդությունը։  

Լուսինե Սահակյանն էլ ի պատասխան դատախազի՝ ընդգծեց, որ Արմեն Գևորգյանը այդ հանձնաժողովի անդամ է և պարտավոր է մասնակցել ԵԽԽՎ նիստերին, և նրա տեղաշարժման որևէ խոչընդոտ չպետք է լինի, ինչը ըստ պաշտպանի՝ միջամտություն է ԱԺ պատգամավորի գործունեությանը. «Այդ հանդիպումներն առցանց եղանակով կրում են ձևական բնույթ և այդքան էլ արդյունավետ չեն, քանի որ Արմեն Գևորգյանը չի մասնակցել նիստերին և որևէ մեկին չի ճանաչում»։  

Դատարանը չանդրադարձավ Արմեն Գևորգյանի սահմանային արգելքն ընդհանրապես վերացնելու հարցին՝ նշելով, որ դա արդեն քննարկել է նախորդ դատական նիստերի ժամանակ։ Ինչ վերաբերում է Արմեն Գևորգյանին նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 3-ը երկրից բացակայելու թույլտվության միջնորդությանը՝ դատարանն արձանագրեց, որ ըստ ներկայացված փաստաթղթերի՝ ակնհայտ է, որ այդ հանձնաժողովի նիստին հնարավոր է մասնակցել նաև առցանց եղանակով։ Դատարանը որոշեց պաշտպանական կողմի միջնորդությունը մերժել։