Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավորին

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավորին
Իրավունք
21:54, 15 октябрь 2021
Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ այսօր շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատախազների ու պաշտպանների ներկայացրած բողոքների քննությունը:

Քոչարյանի պաշտպանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավորին՝ կասկածի տակ դնելով նրա անկողմնակալությունը: Պաշտպանը նշել է՝ գործի քննության ընթացքում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի միջնորդությամբ դատավորը պարգևատրվել է պետական պարգևով, իսկ Ջհանգիրյանը Մարտի 1-ի իրադարձությունների ակտիվ մասնակիցներից է եղել:

Դատավորն էլ հայտարարել է՝ պաշտպանից է տեղեկանում, որ պարգևատրվել է Գագիկ Ջհանգիրյանի միջնորդությամբ։ Ինքնաբացարկի միջնորդության դեմ առարկել են մեղադրող դատախազները: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակի հոկտեմբերի 18-ին:

Հիշեցնենք՝ դատախազները միջնորդում են բեկանել Քոչարյանի և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործը կարճելու առաջին ատյանի դատարանի որոշումն ու քրեական գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։ Պաշտպաններն էլ միջնորդում են վերացնել Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը կամ նվազեցնել դրա չափը։

Սահմանադրական դատարանը մարտի 26-ին հակասահմանադրական էր ճանաչել Քոչարյանին և նրա նախկին երեք ենթականերին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու հոդվածը, որից հետո առաջին ատյանի դատարանն արդարացրել էր ամբաստանյալներին: Քոչարյանն ու Գևորգյանն այժմ մեղադրվում են կաշառք ստանալու գործով