Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարտի 1-ի գործը կարճելու դեմ դատախազության վերաքննիչ բողոքի քննությունը․ ուղիղ

Մարտի 1-ի գործը կարճելու դեմ դատախազության վերաքննիչ բողոքի քննությունը․ ուղիղ
Իրավունք
12:08, 15 июль 2021
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Սևակ Համբարձումյանի և Կարեն Մարդանյանի, մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գեւորգյանի, Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատուրովի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով դադարեցնելու մասին որոշման դեմ բողոքների գործով դատական նիստը:

Նախորդ դատական նիստին մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդություն է ներկայացրել՝ ՍԴ դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատախազի միջնորդության վերաբերյալ այսօր կայացած դատական նիստին պաշտպան Էրիկ Ալեքսանյանն արձանագրեց, որ դժվար է պատկերացնում նշված միջնորդության՝ այս փուլում լուծումը, քանի որ, ըստ փաստաբանի, դա կարող է կանխորոշել բողոքի քննության արդյունքում կայացվող որոշումն, ինչն անթույլատրելի է և կիմաստազրկի բողոքի քննությունը:
Ըստ Ալեքսանյանի՝ նշված միջնորդության վերաբերյալ որոշումը պետք է կայացվի վերջում՝ բողոքների վերաբերյալ ակտի կայացմանը համատեղ:

Ինչ վերաբերում է ՍԴ դիմելու հիմքերին, ապա Ալեքսանյանի դիտարկմամբ՝ նման հիմքեր առկա չեն ինչպես առաջին ատյանի դատարանում, այդպես էլ՝ այս պահին և, ՍԴ չդիմելով, առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել դատավարական որևէ նորմի խախտում:

«ՍԴ որոշումից հետո, երբ փաստացի ապաքրեականացվել է Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը, դատարանն ունեցել է իմպերատիվ պարտականություն՝ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին»,- նշեց Ալեքսանյանը:
Ըստ փաստաբանի՝ մեղադրանքի կողմը չի կարող օգտագործել դատարանին՝ հետագայում մեղադրանքը փոխելու համար:

«Պարոն Բաղդասարյանը չի միջնորդում, որ դատարանը փոխի մեղադրանքը, քանի որ քաջ գիտակցում է, որ դատարանն այդ գործառույթը չունի, սակայն ցանկանում է օգտագործել դատարանին որպես գործիք, միջոց՝ մեղադրանքի փոփոխման երրորդ ճանապարհը նվաճելու տեսանկյունից»,- նշեց Ալեքսանյանը՝ ընդգծելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը խնդրահարույց չէ,

Հիշեցնենք, որ մարտի 26-ին ՍԴ-ն ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչել է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր՝ բավարարելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումները։

ՍԴ որոշումից հետո ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այս գործով դիմել է ՍԴ, իսկ ՀՀ երկրորդ նախագահի և մյուսների գործով մեղադրանքը պաշտպանող դատախազները միջնորդություն են ներկայացրել՝ քրեական գործի վարույթը կասեցնելու մասին, իսկ պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել՝ քրեական հետապնդումը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով դադարեցնելու և այդ մասով քրեական գործի վարույթը կարճելու մասին։

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատարանի որոշումը բողոքարկել է նաև տուժող կողմը։ Բացի դա՝ պաշտպանության կողմը ևս վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ վիճարկելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու կամ գրավի չափը նվազեցնելու միջնորդությունը մերժելու մասին որոշման մասով։

Վերաքննիչ բողոքները կքննվեն համատեղ՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Սևակ Համբարձումյանի և Կարեն Մարդանյանի։