Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խաչատուր Սուքիասյանի եղբոր գործով դատական նիստը չի կայացել՝ ամբաստանյալներից մեկի վատառողջ լինելու պատճառով․ փաստաբան

Խաչատուր Սուքիասյանի եղբոր գործով դատական նիստը չի կայացել՝ ամբաստանյալներից մեկի վատառողջ լինելու պատճառով․ փաստաբան
Իրավունք
18:31, 19 январь 2022
Այսօր՝ հունվարի 19-ին, Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանի գործով դատական նիստը տեղի չի ունեցել։ Այս մասին Civic.am-ին փոխանցեց Սուքիասյանի պաշտպան Գոռ Միքայելյանը և նշեց, որ ամբաստանյալներից մեկը առողջական խնդրի պատճառով չէր ներկայացել դատարան և միջնորդություն էր ներկայացրել նիստը հետաձգելու։

Պաշտպանի խոսքով՝ դատարանը հաջորդ նիստը նշանակել է մարտի 17-ին, ժամը 16։00-ին։

Այս գործով ներգրավված 4 ամբաստանյալները՝ Ռոբերտ Սուքիասյանը, Արման Ապիյանը, Սարգիս Աբգարյանը և Վարազդատ Գասպարյանը, մեղադրվում են խուլիգանության համար։  

Խաչատուր Սուքիասյանի եղբորը՝ Ռոբերտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի հուլիսի 18-ին մի խումբ անձանց հետ զենքի գործադրմամբ՝ խուլիգանական մղումներով, հասարակական վայրում կատարել է խուլիգանություն:

Ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության՝ 46-ամյա տղամարդը երթևեկության ընթացքում իր կնոջը Նարեկ Կարապետյանի կողմից ձայնային ազդանշան տալու և վիրավորանքներ հասցնելու շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, իր ծանոթ Ռոբերտ Սուքիասյանի և մի խումբ այլ անձանց հետ, 2021թ. հուլիսի 18-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Ամիրյան փողոցում հանդիպել է Նարեկ Կարապետյանին և նրա քրոջ ամուսնուն: Ծագած խոսակցությունը վերաճել է վիճաբանության, հայհոյանքի, 46-ամյա տղամարդը բռունցքով հարվածել է Նարեկ Կարապետյանին և վերցնելով «Baikal MP654K» մոդելի օդաճնշիչ ատրճանակը՝ այն ուղղել է Նարեկ Կարապետյանի վրա՝ փորձելով կրակել:

Նշենք, որ Նարեկ Կարապետյանը գտնվում էր հետախուզման մեջ։ Ռոբերտ Սուքիասյանի փաստաբանն ասաց՝ այս գործով, ինչպես երևում է, Նարեկ Կարապետյանը դեռևս չի գտնվել։

Հիշեցնենք, որ դեպքից հետո Ռոբերտ Սուքիասյանը կալանավորվել էր, սակայն 55 մլն դրամ գրավով ազատ արձակվեց։ Այս պահին բոլոր ամբաստանյալները ազատության մեջ են՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է ստորագրությունը՝ երկրից չհեռանալու համար։ 

Նարա Մարտիրոսյան