Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Թող հորթի հրճվանք չապրեն, Մարտի 1-ի գործը չի տապալվել, դատախազությունը նոր մեղադրանք կառաջադրի»․ փաստաբան

«Թող հորթի հրճվանք չապրեն, Մարտի 1-ի գործը չի տապալվել, դատախազությունը նոր մեղադրանք կառաջադրի»․ փաստաբան
Իրավունք
16:53, 30 март 2021
Ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշեց հետաձգել Սահմանադրական կարգի տապալման գործով դատական նիստը և այն նշանակեց ապրիլի 2-ին, ժամը 13.00-ին։ Թեև Քոչարյանի ու մյուս ամբաստանյալների բոլոր պաշտպանները միջնորդեցին, որ ՍԴ որոշման հիմքով  անհապաղ դադարեցվի  քրեական հետապնդումը Քոչարյանի ու մյուսների նկատմամբ, սակայն դատարանը գտավ, որ առանց մեղադրող դատախազների ներկայության հնարավոր չէ դատական նիստը շարունակել։

Դատարանը մեղադրող դատախազից գրություն էր ստացել՝ որ իրենք ծավալուն միջնորդություն ունեն ներկայացնելու դատարանին։

Թեև միջնորդության բովանդակությունը հայտնի չէ, ենթադրվում է, որ  դատախազությունը դատարանից հետ է վերցնելու մեղադրական եզրակացությունը և նոր մեղադրանքով այն ներկայացնելու է դատարան։ 

Ասել է թե՝ ամբաստանյալների մեղադրանքը վերաորակվելու է։ 

Փաստաբան Հովիկ Արսենյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ դատախազությունը միանշանակ պետք է մեղադրանքը հետ վերցնի, փոփոխի ու նոր մեղադրանք առաջադրի․ «Չպետք է թույլ տալ, որ պաշտանական կողմը հորթի հրճվանք ապրի, թե իբր Սահմանադրական դատարանի որոշումից հետո արդարադատությունը հաղթեց։ Ի սկզբանե էլ, երբ 300 հոդվածի փոփոխություն եղավ  և ընդունվեց 300․1 հոդվածը, ենթադրվում էր, որ այդ պահից սկսված, եթե նման հանցագործություն կատարվեր, ապա պետք է  այդ հոդվածով դրվեր։ Սահմանադրական դատարանը, ըստ էության, պետք է դրա վրա ուշադրություն դարձներ, ոչ թե,  անորոշ ինչ որ մեջբերումներ կատարելով, 300․1 հոդվածը  վերացնել տար»։ 

Արսենյանի խոսքով՝ հասկանալի է, որ 300․1 հոդվածով սահմանված հանցակազմ գոյություն չունի։ «Հետևաբար այդ մասով քրեական հետապնդումը կդադարեցվի, բայց   մեղադրանքի կողմը՝ դատախազությունը, իրավունք ունի գործը հետ պահանջել և նոր մեղադրանք առաջադրել։ Ես համոզված եմ, որ հաջորդ դատական նիստին դատախազությունը կբերի նոր մեղադրանքների որոշումները, ամբաստանյալներին կծանոթացնեն դրանց հենց դատական նիստի ժամանակ և դատավարությունը կշարունակվի»,-ասաց նա։

Մեր հարցին՝ մեղադրանքի վերորակումից հետո ո՞ր հոդվածներով պետք է մեղադրանք առաջադրվի, փաստաբանը պատասխանեց․ «Իմ կարծիքն է ու համոզմունքը, որ քրեական օրենսգրքի 309 հոդվածով, 308 հոդվածքով էլ կարելի է մեղադրանք առաջադրել, նաև 224 հոդվածով՝ հանցավոր համագործակցություն և նպատակ։ Այն ապացույցները, որոնք ձեռք են բերվել այս քրեական գործով, միանգամայն համապատասխանում է  այդ հոդվածներին», -ընդգծեց Արսենյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ ՍԴ որոշումից հետո ասել, թե Մարտի 1-ի գործը տապալված է, ամբաստանյալներն պետք է արդարացնել և ճանապարհել տուն՝ սխալ է։ «Դա բացառությամբ կողմի ցանկությունն է, և նման հայտարարություններով նրանք ցանկանում են ապակողմնորոշել հասարակությանը։ Նման հայտարարություններ անողները պետք է անհրաժեշտ իրավագիտակցություն ունենան, ուսումնասիրեն օրենսգիրքը, նոր նման արտահայտություններ թույլ տան։ Դրա համար կրկնում եմ՝ թող հորթի հրճվանք չապրեն։ Մարտի 1-ի գործը չի տապալվել։ Մարտի 1-ի գործը դեռ դատարան չի էլ մտել։ Ամեն ինչ դեռ առջևում է»,- եզրափակեց Արսենյանը։

Իրավաբան Արտաշես Խալաթյանը ևս նախօրեին մեզ հետ զրույցում ընդգծել էր, որ ընդհանուր իրավասության դատարանը պետք է շարունակի քննել այս գործը՝ անկախ ՍԴ որոշումից։ Իսկ դատախազությունը  պետք է դատարանից հետ վերցնի մեղադրական եզրակացությունը, 10-օրյա ժամկետում այլ հոդվածով վերաորակի արարքը ու նոր մեղադրական եզրակացություն ներկայացնի դատարան։ 

Առաջիկայում, թերևս,  ականատես կլինենք հենց այս գործընթացին։ 

Արփի Հարությունյան