Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքի մարզում վարչապետի այցը խոչընդոտելու, հայհոյելու և սադրանքների գործով ձերբակալվել է 23 քաղաքացի

Սյունիքի մարզում վարչապետի այցը խոչընդոտելու, հայհոյելու և սադրանքների գործով ձերբակալվել է 23 քաղաքացի
Իրավունք
12:18, 23 апрель 2021
Սյունիքի մարզից  ապրիլի 21-ի տեղի ունեցած միջադեպով ձերբակալվել է 23 քաղաքացի։ Այդ մասին Civic.am-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։

Հիշեցնենք, որ այդ օրը առավոտից մոտ 40-50 տղամարդիկ հայհոյանքներով խոչընդոտում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզի Ագարակ քաղաք՝ վարչապետի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ տալով ու «Նիկոլ դավաճան» գոռալով։ Անգամ բախումներ հրահրվեցին, ու մասնակիցներից մեկը բարձրացավ վարչապետին ուղեկցող անվտանգության ծառայության ավտոմեքենայի վրա։ Խումբը հայհոյանքներով և գոռգոռոցներով կրկնկակոխ հետևում էր վարչապետին ու փորձում փակել նրա ճանապարհը, խոչընդոտել բնակիչների հետ վարչապետի հանդիպումը։ 

 Ապրիլի 21-ին  Սյունիքի մարզում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ   քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 258 -րդ հոդվածի («Խուլիգանություն») 1-ին, 3-րդ և 316-րդ հոդվածի («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը») 1-ին մասի հատկանիշներով։

Նշենք, որ հիշյալ միջադեպով ձերբակալվել է նաև Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը։