Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստան եկած և ԱԱԾ-ին հանձնված Գագիկ Բեգլարյանը կալանավորված չէ՞

Հայաստան եկած և ԱԱԾ-ին հանձնված Գագիկ Բեգլարյանը կալանավորված չէ՞
Իրավունք
14:50, 18 май 2021
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ԱԱԾ-ին է հանձնվել 57-ամյա Գագիկ Բեգլարյանը, որը 2020 թ. մարտի 23-ից ոստիկանության ՔՈԳՎ կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) և 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածների մեղադրանքով:

Ըստ ոստիկանության՝ Բեգլարյանի խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Գագիկ Բեգլարյանի փաստաբան Հրանտ Անանյանը մեր հարցին, թե բողոքարկելո՞ւ է կալանքի որոշումը, ասաց, թե լրատվականներում Գագիկ Բեգլարյանի վերաբերյալ տեղեկություններին քիչ առաջ է ծանոթացել․ «Գագիկ Բեգլարյանը վաղօրոք դիմում է գրել վարույթն իրականացնող մարմնին և ժամանել է Հայաստան ու ինքնակամ ներկայացել է ԱԱԾ-ին։ Առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում։ Այս պահի դրությամբ դրանից ավել բան չեմ կարող մեկնաբանել։ Դրանից ավել ինֆորմացիան նախաքննական ու փաստաբանական գաղտնիքի կոնտեքստի մեջ է»,-ասաց Հրանտ Անանյանը։
   
Մեր ճշտող հարցին, թե այս պահին Գագիկ Բեգլարյանը կալանավորվա՞ծ է, թե՞ ոչ, Հրանտ Անանյանը պատասխանեց, թե այս պահին կալանավորման մասին տեղեկություն չի կարող հայտնել։ 
 
ԱԱԾ-ն համառորեն չի պատասխանում մեր հեռախոսազանգերին։

Նշենք, որ տևական ժամանակ հետախուզման մեջ գտնվող Բեգլարյանը Հայաստան է վերադարձել եղբոր թաղմանը մասնակցելու համար։