Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատախազությունն ուսումնասիրում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակցուհուն սպառնալու մասին տեսանյութը

«Ոչ մեկը ոչ մի բան չի կարող անել, օրենքն իմ ձեռքում է, ես ընդունվել եմ աշխատանքի և մինչև վերջ էլ աշխատելու եմ, ես ընտրելու եմ Փաշինյանին»,- օրերս Քաջարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ Civic.am-ին ասաց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակցուհիներից մեկը։

Լրագրողի հարցին՝ սպառնալիքներ հնչե՞լ են՝ աշխատակցուհին պատասխանեց․ «Հնչել են, բայց ինձ համար նշանակություն չունի»։ Մյուս աշխատակիցն էլ հավելեց, որ վախկոտների համար են սպառնալիքները հնչում։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տեսանյութն ուսումնասիրվում է դատախազության կողմից, և համապատասխան միջոցներ կձեռնարկեն։ 

Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Կապանում կայացած քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներից տեղեկություններ են ստացվել, որ ղեկավարությունն արգելել է նրանց գալ իր հանրհավաքին: Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի այս հայտարարության՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանն գլխավոր տնօրեն Պարագ Յոհաննես Բհատն ընդգծել էր, որ ընկերությունը միշտ զերծ է մնացել և չի միջամտել քաղաքական գործընթացներին, ինչպես նաև չի խոչընդոտել իր աշխատակիցների քաղաքական ու քաղաքացիական դիրքորոշումների արտահայտմանը։ Նա նաև հավելել էր, որ ընկերությունը պատրաստվում է համապատասխան դիմում (հաղորդում) ներկայացնել իրավասու պետական մարմիններին։

Ի դեպ, արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Զանգեզուրի պղնձամոլիբդենայինից աշխատակիցներին բերում են Քոչարյանի հանրահավաքին։