Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Անկախության օրվա կապակցությամբ

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Անկախության օրվա կապակցությամբ
Պաշտոնական
18:06, 01 октябрь 2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս
Անաստասիադիսին Հանրապետության Ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում և լավագույն
մաղթանքներ եմ հղում Ձեզ և Կիպրոսի բարեկամ ժողովրդին՝ Հանրապետության Ազգային տոնի՝ Անկախության օրվա
կապակցությամբ:

Գոհունակությամբ եմ փաստում, որ մեր բազմադարյա կապերի և ամուր բարեկամության վրա հիմնված հայ-
կիպրական հարաբերությունները շարունակում են զարգանալ եղբայրության և փոխըմբռնման ոգով:

Սիրելի բարեկամ, իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ, Կիպրոսի բարձրագույն
իշխանություններին և կիպրացի եղբայրական ժողովրդին՝ այս դժվարին պահին վերստին հայ ժողովրդի կողքին
լինելու, Հայաստանի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի դատապարտման հարցում Կիպրոսի անվերապահ
աջակցությունը վերահաստատելու համար: Ձեր անկեղծ և անդրդվելի դիրքորոշումը կրկին վկայում է հայ և կիպրացի
ժողովուրդների անսասան բարեկամության մասին:

Հայաստանը և Կիպրոսը մշտապես հանձնառու են ընդլայնելու և խորացնելու համագործակցությունն ինչպես
երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:

Մեծարգո պարոն նախագահ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արգասաբեր գործունեություն, իսկ Կիպրոսի
եղբայրական ժողովրդին՝ բարեկեցություն և խաղաղություն»: