Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարոն Օհանյան, այդ սոված զինվորներից մեկը ես եմ եղել. Կարծում էի՝ կգաք և կստանձնեք քաղաքական պատասխանատվության ձեր բաժինը. Արթուր Հովհաննիսյան

«Այդ սոված զինվորներից մեկը կամ այն մարդը, ով տեսել է այդ սոված զինվորներին, ես եմ, պարոն Օհանյան: Այսօր՝ օգոստոսի 9-ին, այս մասին Ազգային ժողովում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:  

Նա նշեց, որ ինքը ՀՀ զինված ուժերում ծառայել է 2008-2010 թվականներին. «Ես տեսել եմ, թե ինչ են տալիս զինվորներին որպես սնունդ: Եվ, այո, մեր հազարավոր ընկերներ սոված չէին, որովհետև նրանց ծնողները բավականին լավ տուլիկ էին ուղարկում: Պարոն Օհանյան, ի պատիվ Ձեզ՝ Ձեր այցի օրերին ամենալավ սնունդն էր մատուցվում, որի մասին մենք չէինք էլ կարող երազել ծառայության տարիներին: Դա փաստում է այն մասին, որ Ձեր նախարար եղած ժամանակ, զինվորի հացն այլ ուղղությամբ էր գնում»:

Նրա խոսքով՝ պատերազմի այս ելքը հասունանում էր 30 տարի առաջ, այն ժամանակ, երբ ՀՀ գեներալներից մեկը անօդաչուներին անվանեց թռչուն. «Եվ հիմա երբ փորձում եք մեղավորներ կարգել, հիմա ո՞վ է մեղավոր: Ես կարծում էի, որ նրանք, ովքեր պատասխանատու են եղել, կգան և կստանձնեն քաղաքական պատասխանատվության իրենց բաժինը: Մենք ասել ենք, որ թիվ 1 պատասխանատուն մենք ենք, իսկ թե ովքեր են մեղավորները, դրա համար կան դատարաններ, ի վերջո քննիչ հանձնաժողով»:
Արթուր Հովհաննիսյանը, Սեյրան Օհանյանի հարցին հարցով պատասխանելով, ասաց. «Իսկ ինչո՞ւ էին ձեր նախարար եղած ժամանակ միակողմանի ծնողազուրկ տղերքը ոչ թե 100 կմ հեռու ծառայում, այլ հարյուրավոր կիլոմետրեր հեռու»: