Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պալատում ունենք սթափ դատողության պակաս և մի այնպիսի համայնք, որ պատրաստ է SMS-ներով ընտրել այս կամ այն թեկնածուին. փաստաբանը՝ ՓՊ-ի մասին

Պալատում ունենք սթափ դատողության պակաս և մի այնպիսի համայնք, որ պատրաստ է SMS-ներով ընտրել այս կամ այն թեկնածուին. փաստաբանը՝ ՓՊ-ի մասին
Քաղաքականություն
20:06, 31 август 2021
Սեպտեմբերի 12-ին Փաստաբանների պալատում տեղի կունենան պալատի նախագահի ընտրություններ։ Որպես թեկնածու առաջադրվել են երեք փաստաբաններ՝ Գևորգ Գյոզալյանը, Սիմոն Բաբայանը, որը նաև Փաստաբանական դպրոցի տնօրենն է, և Թամարա Պողոսյանը։ 
Պալատի ընտրությունների մասին Civic.am-ը զրուցել է փաստաբաններ Լուսինե Հակոբյանի և Վահե Աստվածատրյանի հետ։

Լուսինե Հակոբյանը, խոսելով թեկնածուների մասին, ասաց որ ըստ էության ընտրություններին մասնակցելու են երկու հիմնական մրցակիցներ՝ Սիմոն Բաբայանը, որը Փաստաբանական դպրոցի ներկայիս տնօրենն է, և փաստաբան Գևորգ Գյոզալյանը: Իսկ եթե նույնիսկ կա երրորդ թեկնածու, ապա նրան հիմնական մրցակից համարել հնարավոր չէ։

«Սիմոն Բաբայանին չեմ դիտարկում որպես անկախ, ինքնուրույն թեկնածու։ Նա միշտ եղել է Արա Զոհրաբյանի կամակատարներից և բազմիցս դա ապացուցել է՝ տարբեր գործերով, Փաստաբանների պալատի խորհրդի տարբեր որոշումներով։ Ըստ էության սա հասարակ փոխատեղում է իրենց միջև, և Սիմոն Բաբայանը բացառապես Արա Զոհրաբյանի որոշմամբ է առաջադրվում։ Խորը կասկածներ ունենք, որ Արա Զոհրաբյանն էլ հավակնելու է Փաստաբանական դպրոցի տնօրենի պաշտոնին։ Բոլոր փաստաբանները հիշում են, թե մի քանի տարի առաջ ինչպիսի պատմության մեջ էր ընկել Սիմոն Բաբայանը, երբ  հավաքել էր մի քանի փաստաբանների և հարձակվել էր փաստաբաններից մեկի գրասենյակի վրա, ու իր նախաձեռնությամբ այնտեղ ծեծկռտուք էր տեղի ունեցել: Սա ևս մի փաստ է, որ չի խոսում իր օգտին. Փաստաբանների պալատն ուղղակի նման նախագահ չի կարող ունենալ»,- ասաց Լուսինե Հակոբյանը։ 

Նա նշեց, որ շատ գործընկերներ կան, որոնք կիսում են այդ նույն տեսակետը։ 

Խոսելով ՓՊ-ի խնդիրների մասին՝ փաստաբանն ասաց, որ Փաստաբանների պալատում բավականին շատ խնդիրներ կան շահերի բախման հետ կապված: Օրինակ՝ Փաստաբանների դպրոցի տնօրենը, իր խորին համոզմամբ, չի կարող լինել Պալատի խորհրդի անդամ, նույն Հանրային պաշտպանի գրասենյակի նախագահը չի կարող լինել նաև Փաստաբաների պալատի խորհրդի անդամ, բայց վերջինիս խոսքով՝ և՛ Մելանյա Առուստամյանը, և՛ Սիմոն Բաբայանը Փաստաբանների պալատի խորհրդի անդամներ են։ 

«Փաստաբանության մասին օրենքը ֆիքսում է, որ հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը մասնակցում է խոհրդակցական ձայնի իրավունքով։ Սակայն Մելանյա Առուստամյանը, լինելով ՀՊԳ-ի ղեկավար, լիարժեքորեն մասնակցում է նաև քվեարկությամբ։ Այսինքն՝ իրենք նույնիսկ Փաստաբանության մասին օրենքը չեն հարգում։ Դրա լուծումն այն է, որ խորհրդի կազմը փոփոխվի։ Ես կարծում եմ, որ Գևորգ Գյոզալյանի, որը բավականին լուրջ մարդ է, և որի հետ այդ լուծումները բավականին երկար քննարկել ենք, ընտրվելու դեպքում հույս կա, որ Պալատի առողջացում տեղի կունենա»,-ասաց Լուսինե Հակոբյանը։

Խոսելով Պալատում առկա մեկ այլ խնդրի մասին՝ փաստաբանը մատնանշեց Պալատի կուսակցականացված լինելը, երբ  ներկայիս Պալատի նախագահ Զոհրաբյանը ՓՊ-ի մի զգալի մասին, ինչպես նաև աշխատակազմի տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, անվտանգության ծառայողներին տարել-մտցրել է իր ղեկավարած «Զարթոնք» կուսակցություն, ինչը շատ վատ անդրադարձ է ունեցել փաստաբանության հեղինակության վրա, որովհետև փաստաբանությունը սկսեց ընկալվել որպես կուսակցականացված կառույց։

Փաստաբանը նաև նշեց, որ փաստաբանության վրա շատ վատ անդրադարձավ նաև այն, երբ Փաստաբանների պալատի նախագահի նախաձեռնությամբ տեղի ունեցան քաղաքականացված ակցիաներ, պահանջվեց վարչապետի հրաժարականը և այլն։ 

«Վերջին ընտրություններն էլ ցույց տվեցին, որ իր գլխավորած կուսակցությունը չեմ էլ հիշում՝ 1 տոկոս հավաքեց, թե չէ։ Մինչդեռ այն վարչապետը, որի հրաժարականը իրենք մի 500 փաստաբանով պահանջում էին, հավաքեց ընտրողների մոտ 54 տոկոսի քվեն: Դա նշանակում է, որ այդ 54 տոկոսը, դեռ ավելին, որտեղ չենք հաշվում շատ այլ ընտրողների, որոնք Նիկոլ Փաշինյանին ձայն չտվեցին, էլի դիտարկելու են փաստաբանությունը որպես կուսակցականացված, քաղաքականացված, իսկ այդ   դիրքորոշումները շատ մեծ հարված էին փաստաբանության հեղինակությանը։ Եվ Սիմոն Բաբայանը մեկն է  լինելու, որն այդ գիծը շարունակելու է, որովհետև նա երբեք իր գործունեության ընթացքում հակառակ  կարծիք հայտնել չի համաձարկվել»,- ասաց Լուսինե Հակոբյանը։       
       
Փաստաբան Վահե Աստվածատրյանն էլ նշեց, որ թեկնածուներից ճանաչում է երկուսին՝ Գևորգ Գյոզալյանին և Սիմոն Բաբայանին, երրորդ թեկնածուին չի ճանաչում։ Նա նշեց, որ Սիմոն Բաբայանը ՓՊ դպրոցի տնօրենն է, բայց որպես փաստաբան նրա գործունեությանը ծանոթ չէ։ Իսկ Գևորգ Գյոզալյանին վաղուց է ճանաչում՝ հեռակա կարգով, որպես լավ գործընկերոջ, լավ փաստաբանի, սկզբունքային մարդու, սկզբունքային փաստաբանի: Նա իր ճանաչած փաստաբանների միջից համեմատաբար անկախ փաստաբաններից մեկն է։

«Սիմոն Բաբայանի անկախության մասով ոչինչ չեմ կարող ասել, այն, որ ինքը եղել է դպրոցի համար լավ տնօրեն, կարծում եմ՝ այդ հարցում ոչ ոք չի կասկածում, չի վիճում, որովհետև դպրոցի ունկնդիրների մեծամասնության կարծիքը նրա մասին դրական է։ Բայց երկուսին էլ անձամբ չեմ ճանաչում, գուցե առիթներին հանդիպել ենք, երկուսի հետ շփումը եղել է հեռահար, միջնորդավորված, գործնական»,- ասաց Վահե Աստվածատրյանը։ 
Խոսելով նաև Արա Զոհրաբյանի՝ կուսակցական լինելու և վարչապետի դեմ ակցիաներ կազմակերպելու մասին՝ փաստաբանն ասաց, որ Փաստաբանների պալատի նախագահը, որպես անհատ, այդ բոլոր իրավունքներն ուներ, այլ է հարցը, թե  որ դեպքերում է ինքը գործել որպես Պալատի նախագահ և որ դեպքերում՝ որպես անհատ։ 

Այնուհետև նա նշեց, որ ամեն դեպքում որպես Պալատի նախագահ՝ չպետք է այդպես գործեր, որովհետև Պալատը մաքսիմում պետք է լինի ապաքաղաքական։

«Փաստաբանության դերը արդարադատությանը օժանդակելն է, իսկ եթե արդարադատությանը օժանդակող մարմինը պետք է լինի կախյալ այս կամ այն իշխանությունից կամ ընդդիմությունից, կդժվարանամ ասել, թե ինչպես ինքը կարող է  իր դերը լավ կատարել։ Իմ՝ խորհրդի անդամի թեկնածու լինելու նպատակներից մեկն էր նպաստել, որպեսզի Պալատը երբևիցե չդառնա քաղաքական կառույց, երբևիցե նման երանգ չստանա»,- ասաց Վահե Աստվածատրյանը։

Վերջինիս խոսքով՝ Պալատում ցավալի իրողությունները նույնն են, ինչը որ տիրում է ամբողջ հասարակության մեջ. այս պահին Պալատում ունեն սթափ դատողության պակաս և մի այնպիսի համայնք, որը պատրաստ է SMS-ներով ընտրել այս կամ այն թեկնածուին, եթե իրենց տրամադրեն ցուցակ, ցուցակով կընտրեն։ 

«Այսինքն՝ անկախ փաստաբանների պակաս ունենք, անկախ՝ բոլոր առումներով. անկախ՝ դատողություններով, անկախ՝ մտածելակերպով։ Մենք ունենք փաստաբաններ, որոնք բավականին հայտնի են հանրության շրջանում, բայց աշխատում են այնպիսի կառույցներում, որոնց  անկախությունը դժվար է գնահատել, իսկ փաստաբանը պիտի լինի անկախ, փաստաբանը չպիտի աշխատի այնպիսի կազմակերպությունում, որտեղ իր անկախությունը կասկածի տակ է, որը կարող է  պատկանել այս կամ այն պետական պաշտոնատար ներկա կամ նախկին ինչ-որ անձանց։ Իմ կարծիքով՝ փաստաբանին հանրությունը պետք է  որպես անկախ կերպարի ընդունի, որովհետև փաստաբանությունը ոչ թե ինչ-որ պետական պաշտոն է, փաստաբանությունը առաքելություն է, այդ առաքելության գերնպատակն է վստահորդի լավագույն շահերը ներկայացնելը, վստահորդի լավագույն շահերով առաջնորդվելը»,- ասաց փաստաբանը։    
 
 Հարցին, թե թեկնածուներից ով կարող է պալատում առկա խնդիրները լուծել, Վահե Աստվածատրյանն ասաց, որ կդժվարանա հստակ կարծիք արտահայտել, որովհետև Սիմոն Բաբայանը եղել է դպրոցի տնօրենը, գուցե չի ունեցել  անհրաժեշտ լծակները, բայց եղել է նաև խորհրդի անդամ և որոշ բաներ կարող էր ուղղել։

«Եթե չեմ սխալվում՝ Գևորգ Գյոզալյանը ևս ժամանակին եղել է  խորհրդի անդամ։ Համենայնդեպս, Գևորգ Գյոզալյանի մոտ ակնառու են այն բոլոր նկրտումները, որ առավել անկախ, առավել չեզոք, ապաքաղաքական պալատ պետք է ստեղծեր գուցե, բայց միանշանակ ինչ-որ բան ասել, որ՝ այ, գիտեք, իր մոտ հաստատ ավելի լավ կստացվի, քան Սիմոն Բաբայանի մոտ, օբյեկտիվ չեմ լինի, կստացվի՝ անարդար կարծիք եմ հայտնում»,- եզրափակեց Վահե Աստվածատրյանը։

Լիլիթ Թադևոսյան