Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ձեր տեղեկացվածության մակարդակը բարձրացման կարիք ունի.ԼՂԻՄ տարածքների հարցն օրակարգում է․ Արարատ Միրզոյանը՝ Հայկ Մամիջանյանին

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Ազգային ժողովում  ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը նշեց, որ իշխանությունից որևէ մեկը միջազգային հարթակներում երբևէ չի նշել Շուշիի օկուպացիայի մասին. «Ձեր կառավարության կազմում կա՞ գոնե մի հոգի, որ սկզբի համար գոնե այս ամբիոնից կպնդի, որ մեր տարածքները օկուպացվել են»:

Պատասխանելով հարցին՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նկատեց, որ հարցի ընտրված ձևը չի նպաստում հարցի բովանդակային քննարկմանը. «Կարծես հրավեր լինի շարունակելու Բադեն Բադենի մասին խոսակցությունը, բայց ես չեմ տրվի այդ գայթակղությանը»:

Արարատ Միրզոյանը նշեց, որ տարբեր միջազգային հարթակներում կա այդ մասին խոսակցություն, և ինչպես այդ, այնպես էլ ԼՂ կարգավիճակի մասին հարցը ինչ-որ մի պահի բանակցային փուլում պետք է տեղի ունենա. «Բայց այդ մասին անընդհատ բարձրաձայնելը չի ստեղծի նպաստավոր պայմաններ հարցի լուծումը մոտեցնելու համար»:

Արձագանքելով Հայկ Մամիջանյանին՝ Արարատ Միրզոյանը նկատեց. «Ձեր տեղեկացվածության մակարդակը բարձրացման կարիք ունի հավանաբար: Եթե ես էլ այդքան քիչ իմանայի, գուցե ես էլ այդպիսի ռեակցիա տայի, բայց հուսամ, որ մանրամասներին կտիրապետեք և առնվազն կհանեք այդ հարցադրումը ձեր օրակարգից: Ես ահռելի մեծ փոխկապակցվածություն եմ տեսնում իմ բառերի և սահմանում տիրող իրավիճակի միջև»: