Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վստահ եմ՝ Համայնքների խոշորացման մասին օրենքը հակասահմանադրական որևէ տարր չի պարունակում. Հերիքնազ Տիգրանյան

«Սահմանադրական դատարան դիմելը հիմք չէ, որպեսզի խոշորացման պրոցեսը չշարունակվի: Խոշորացումը կապված է նաև տվյալ համայնքների ընտրական պրոցեսների հետ»,- այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը՝ պատասխանելով համայնքների խոշորացման հարցով «Հայաստան» դաշինքի կողմից ՍԴ դիմելու հարցին:

Պատգամավորի կարծիքով՝ գործընթացներն իրենց հունով կընթանան, մինչև ՍԴ-ն կայացնի որոշում. «Ես վստահ եմ, թե ՍԴ-ն ինչ որոշում կկայացնի, բայց եթե ասեմ, կասեն՝ իշխանական պատգամավորը կանխակալ կարծիք է հայտնում, բայց ամեն դեպքում խոշորացման գործընթացը Հայաստանում նոր չէ, որ սկսվել է, և այդ գործընթացի սահմանադրականությունը երբևէ չի վիճարկվել: Պարզապես հիմա այդ գործընթացները հասցվում են իրենց տրամաբանական ավարտին»:

Պատգամավորը, չցանկանալով «եթե»-ներով խոսել, վստահություն հայտնեց, որ այդ օրենքում հակասահմանադրականության որևէ տարր չի պարունակվում: