Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շատ ավելի օպտիմալ կլիներ, եթե առաջարկեին «5+3» ձևաչափ՝ ներգրավելով նաև ԱՄՆ-ին ու Ֆրանսիային. Գուրգեն Արսենյանը՝ Զախարովայի հայտարարության մասին

Շատ ավելի օպտիմալ կլիներ, եթե առաջարկեին «5+3» ձևաչափ՝ ներգրավելով նաև ԱՄՆ-ին ու Ֆրանսիային. Գուրգեն Արսենյանը՝ Զախարովայի հայտարարության մասին
Քաղաքականություն
17:27, 22 октябрь 2021
ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանն ակնկալում է, որ հնարավորինս արագ կգործարկվի «3+3» (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան- Ռուսաստան, Թուրքիա, Իրան) ձևաչափը Հարավային Կովկասում, բայց արևմտյան որոշ ուժեր՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, փորձում են խանգարել այդ գործընթացին: 

Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի և քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ։

 Գուրգեն Արսենյանի խոսքով՝ «3+3» ձևաչափը առաջարկ է, իսկ ձևաչափի կայացմանը խոչընդոտելը սկսվում է այն պահին, երբ բոլոր մասնակիցները տվել են իրենց համաձայնությունը, և այդ ժամանակ ինչ-որ մեկը սկսում է խոչընդոտել, որպեսզի ձևաչափը չկայանա։ 
«Բացի դրանից, մասնակիցների համաձայնության վերաբերյալ որևէ պաշտոնական հայտարարություն արված չի, բացի նրանից, որ կա այդպիսի առաջարկ։ Այն պահին, որ այդ տեսլականը միս ու արյուն է սկսում առնել, այդ պահին են սկսվում գործողությունները, և դեռ միս ու արյուն չառած՝ ձևաչափի մասին կողմերից մեկը չի կարող ինչ-որ մեկին մեղադրել, որ նա ձախողում է»,- ասաց Գուրգեն Արսենյանը։ 
Պատգամավորի խոսքով՝ Զախարովայի կողմից շատ ավելի օպտիմալ կլիներ, եթե նրանք առաջարկեին «5+3» ձևաչափ, որի պարագայում  այն երկու երկրները՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, որոնք 1994 թվականից այս պրոցեսների մեջ անմիջական մասնակցություն են ունեցել, ներգրավված են եղել այս ռեգիոնալ թնջուկի լուծման մեջ, նրանց ևս առաջարկեին, որպեսզի իրենց ջանքերը կիրառեին, ու սա իսկապես կլիներ միջտարածաշրջանային բոլոր թնջուկների լուծման համար կարևորագույն ֆորմատ։ 

«Որովհետև երբ դու ձգտում ես ինչ-որ մի բան լուծել, առավել ևս հաշվի առնելով, որ տարածաշրջանում արդեն խաղաղապահ ռազմական ներկայացուցչություն կա, պետք է հաշվի առնել, որ քո գործընկերները կարող են խանդով վերաբերվել դրան, քանի որ իրենք էլ են ջանքեր գործադրել։ Այդուհանդերձ, ես ուզում եմ հատուկ շեշտել Ռուսաստանի խաղաղապահ առաքելության կարևորությունը, իրենց գործադրած ջանքերի նշանակությունը, քանի որ նրանց ջանքերի շնորհիվ էր, որ նաև հնարավոր եղավ դադարեցնել պատերազմը, միևնույն ժամանակ սա չի նվազեցնում  ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից խաղաղության հաստատման համար գործադրված ջանքերը։ Եվ ամենակարևորը՝ այս ձևաչափում Հայաստանը Վրաստանի և Իրանի հետ կոնֆլիկտի քննարկման նյութ չունի, և նրանք ևս կարող են մատների  արանքով նայել այդ առաջարկին»,- ասաց Գուրգեն Արսենյանը։

Գուրգեն Արսենյանի կարծիքով՝ պետք է նկատի ունենալ, որ ինչպես մենք ունենք ռազմավարական գործընկեր, այնպես էլ Վրաստանն ունի ռազմավարական այլ գործընկեր, այլ հետաքրքրություններ և հարաբերություններ, մասնավորապես, ԱՄՆ-ի հետ և կարող է ԱՄՆ-ի հետ ճշգրտումներ անել, որ այդ ձևաչափում նպատակահարմար չէ մասնակցելը կամ հակառակը, դա նրանց ցանկությունն է։

  Ռուբեն Մեհրաբյանն էլ, մեկնաբանելով Զախարովայի հայտարարությունը, ասաց, որ Հայաստանը պետք է դիմագրավի, և սա ուղղակի հարկադրանք է Հայաստանին ընդունելու իր շահերին հակասող որոշումներ, որոնք պետք է սպասարկեն Ռուսաստանի շահերը։

«Այսինքն՝ այստեղ Ռուսաստանն անցնում է բացահայտ հարկադրանքի, պարտադրանքի, այդ ամենը դրա մասին է։ Եվ սա նաև կշտամբանք է ԱՄՆ-ին, որը, Ռուսաստանի տեսակետից, խանգարում է Ռուսաստանին, որպեսզի նա կարողանա բարեհաջող  Հայաստանին պարտադրել Հայաստանի շահերին հակասող բան։ Ելքն այն է, որ պետք է դիմագրավել և Մարիա Զախարովային ու Մարիա Զախարովայի շեֆերին ռուսներին հայտնի հասցեով ուղարկել»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։

Լիլիթ Թադևոսյան