Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքական գործիչներից շատերը երբեմն չեն իմանում, որ կա գնաճ և գների աճ

«Ինձ համար ավելի ցանկալի կլիներ պարոն Մանուկյանին շարունակել տեսնել ԱԺ-ում, որովհետև մենք  պարոն Մանուկյանի ռեսուրսը կորցրեցինք, բայց  ամեն դեպքում ԿԲ-ում կարծում եմ, պարոն Մանուկյանը նույնպես պետական համակարգին որպես պրոֆեսիոնալ պետք է գալու ու թարմ շունչ է մտցնելու այդ կառույցի մեջ»,- ԿԲ խորհրդի անդամի թեկնածուի վերաբերյալ քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովը, որպես ԿԲ խորհրդի անդամի թեկնածու, ներկայացրել է Արտակ Մանուկյանի թեկնածությունը։

Այնուհետև Բաբկեն Թունյանն ասաց, որ եթե դիտարկում են մասնագիտական առումով ու ոչ այլ տեսանկյուններից, ապա նա կոչ արեց կողմ քվեարկել Արտակ Մանուկյանի թեկնածությանը։  

Խոսելով նաև հարցուպատասխանի ժամանակ հնչած որոշ մտքերի ու թեմաների մասին՝ Բաբկեն Թունյանն ասաց, որ բոլորը խոսում են գնաճի մասին, այստեղ ուղղակի պետք է տարբերակում դնել։

«Կա գնաճ և կա գների աճ, դրանք տարբեր հասկացություններ են ու ցավոք սրտի անգամ քաղաքական գործիչներից շատերը, երբեմն չեն իմանում, թե որի դեպքում հասցեատերն ով է»,-ասաց Բաբկեն Թունյանը։