Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները ԵՄ Բարձր հանձնակատարից հարցնում են հայ գերիներին վերադարձնելու հստակ քայլերի մասին

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները ԵՄ Բարձր հանձնակատարից հարցնում են հայ գերիներին վերադարձնելու հստակ քայլերի մասին
Քաղաքականություն
17:15, 08 март 2021
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Կոստաս Մավրիդեսի (Կիպրոս, Սոցիալիստների և Դեմոկրատների խմակցություն) նախաձեռնությամբ,  բոլոր հիմնական խմբակցություններից թվով 30 եվրապատգամավոր  հրատապ հարցում է հղել Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգային հարցերով Բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելին: Եվրապատգամավորները հարցնում են Բարձր հանձնակատարին, թե ԵՄ-ն ինչ հստակ քայլեր է ձեռնարկել Ադրբեջանի կողմից գերեվարված հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց, այդ թվում՝ քաղաքացիականների և կանանց վերադարձն ապահովելու համար: Ադրբեջանը շարունակում է բազմաթիվ հայ ռազմագերիների անազատության մեջ պահել՝ չնայած 10.11.2020 հրադադարի եռակողմ հայտարարությանը, որն ամրագրում է բոլոր ռազմագերիների և պահվող անձանց վերադարձը:
 
Եվրապատգամավորները նաև հարցում են հղում ԵՄ Բարձր հանձնակատարին, թե ինչ կոնկրետ քայլեր է ձեռնարկել ԵՄ-ն հայ ռազմագերիների չարաշահումը և քաղաքական նպատակների համար շահագործումը կանխելու և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից նրանց այցելությունն ապահովելու համար: Եզրափակելով՝ Եվրապատգամավորները հետաքրքրվում են, թե արդյոք ԵՄ-ը ադրբեջանական կողմից հայցել է իրեն փոխանցել հայ ռազմագերիների հստակ թիվը և եթե այո, ապա ինչ տեղեկություն է տրամադրվել:

Խոսելով գրավոր հարցման մասին՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Կոստաս Մավրիդեսը հայտնեց. «Մենք չենք կարող մարդկության դեմ ուղղված հանցագործությունների առջև լուռ մնալ: Այդ պատճառով տարբեր խմբակցություններից և ԵՄ անդամ երկրներից իմ գործընկերների հետ մենք կոչ ենք անում ԵՄ-ին գործի անցնել և կոնկրետ քայլեր ձեռնարկել՝  ձեռք բերված համաձայնության 8-րդ կետի իրագործմանը հասնելու համար, մասնավորապես՝ վերադարձնել Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիներին և գերիներին, այդ թվում՝ քաղաքացիական   անձանց և կանանց:  Ադրբեջանը բացահայտորեն խախտում է միջազգային իրավունքը, և մենք պետք է բարձրաձայնենք այս զուտ մարդասիրական հարցի մասին»:
 
Մեկնաբանելով եվրապատգամավորների նախաձեռնությունը՝ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետեանը նշեց. «Ակնհայտ է, որ խախտելով ձեռք բերված համաձայնությունն Ադրբեջանը շահագործում է այս մարդասիրական հարցը քաղաքական օգուտ կորզելու և հավելյալ տառապանք պատճառելու համար»:

«Մենք ողջունում ենք եվրապատգամավորների այս նախաձեռնությունը: Ժամանակն է, որ ԵՄ գործադիր իշխանությունը և ԵՄ անդամ պետությունների ղեկավարները գործի անցնեն: Մարդու իրավունքներն ու մարդկային արժանապատվությունը սոսկ բառեր չեն և չեն կարող լինել սակարկության առարկա: Որպես ԵՄ քաղաքացիներ` մենք ԵՄ-ից ակնկալում ենք օգտագործել դիվանագիտական և քաղաքական բոլոր լծակները և դադարեցնել Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդկային արժանապատվության այս անթույլատրելի ոտնահարումը: Պետք է Ադրբեջանին հստակ հասկացնել, որ այն պարտավոր է հարգել իր հանձնառությունը և անհապաղ վերադարձնել բոլոր հայ գերիներին»,-եզրափակեց Կարապետեանը:
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակ