Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հաշվեքննիչ պալատի անդամի համար ՔՊ-ի կողմից ներկայացված Եղիշե Սողոմոնյանի թեկնածությանը

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հաշվեքննիչ պալատի անդամի համար ՔՊ-ի կողմից ներկայացված Եղիշե Սողոմոնյանի թեկնածությանը
Քաղաքականություն
15:59, 02 декабрь 2021
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի այսօրվա օրակարգում ներառված հարցերից էր Հաշվեքննիչ պալատի անդամի տեղի համար թեկնածու առաջադրելու հարցը։

«Հայաստան» դաշինքից Արթուր Խաչատրյանը Հաշվեքննիչ պալատի անդամի տեղի համար ներկայացված ՔՊ թեկնածու Եղիշե Սողոմոնյանից հետաքրքրվեց՝ ո՞րն է եղել այն ընկերությունը, որն ամենամեծ դրամական շրջանառությունն է ունեցել, և որքա՞ն է կազմել շրջանառությունը։

Եղիշե Սողոմոնյանը պատասխանեց, որ 2010-2015թթ., երբ ինքն աշխատել է «Ի Էմ Էյջ Քոնսթրաքշն» ՓԲԸ-ում որպես ֆինանսական գծով փոխտնօրեն, այդ ժամանակահատվածում եղել է տարի, որ ընկերությունն ունեցել է 10 մլրդ-ից ավելի շրջանառություն, ինչպես նաև «Սովրանո» ընկերությունը ունեցել է 7-8 մլրդ շրջանառություն։ Եղիշե Սողոմոնյանի խոսքով՝ 20-ից ավելի ընկերություններ, որտեղ ինքն աշխատել է, 1 մլրդ-ից ավելի շրջանառություն են ունեցել։

Հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն էլ հետաքրքրվեց՝ արդյոք Հաշվեքննիչ պալատի նախագահի և անդամների անձեռնմխելիություն չունենալը սահմանափակո՞ւմ է Պալատի գործունեությունը, քանի որ թեկնածուն կարևորել էր անձեռնմխելիություն ունենալու հանգամանքը, և թե ինչ մեխանիզմներ են պետք ներդնել, որպեսզի Պալատն ունենա որակյալ աշխատակիցներ։

«Ես կարծում եմ, որ Հաշվեքննիչ պալատի նախագահն ու անդամները պետք է անձեռնմխելի լինեն, սա նաև «Սիգմա» մասնագիտացված կառույցի կողմից արձանագրված այն խնդիրներն են, որոնք հաստատվել են ուսումնասիրությամբ։ Այդ սկզբունքը ամրագրված է Մեխիկոյի Լիմայի հռչակագրերով, ԻՍՍԱ-ի ստանդարտներով։ Եվ եթե մենք այդ համակարգը ներդնում ենք, պետք է ամբողջական ներդնենք։ Իսկ թե ինչ պետք է արվի, որ Պալատում լավ մասնագետներ լինեն, առաջին խնդիրը ցածր աշխատավարձն է։ Այս մասով ԿԲ-ի փորձն է ուսանելի. Կենտրոնական բանկում ամրագրված է, որ իրենց աշխատակիցների աշխատավարձը պետք է մոտ լինի բանկային միջինին: Կարծում եմ՝ այս պարագայում պետք է մոտ լինի աշխատանքի շուկայում աուդիտորի համար վճարվող աշխատավարձի միջինին։ Այս պարագայում մենք կկարողանանք ներգրավել լավ աուդիտորներ, ինչը կնպաստի եղած պոտենցիալի ընդլայնմանը»,- պատասխանեց Եղիշե Սողոմոնյանը։ 

Հանձնաժողովը 4 կողմ և 1 դեմ ձայնով դրական եզրակացություն տվեց Հաշվեքննիչ պալատի անդամի տեղի համար ՔՊ խմբակցության կողմից ներկայացված Եղիշե Սողոմոնյանի թեկնածությանը։