Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հաշվեքննիչ պալատը պետք է լինի անկախ, որպեսզի աուդիտի հաշվետվությունը լինի անաչառ». Հաշվեքննիչ պալատի անդամի ՔՊ թեկնածու Եղիշե Սողոմոնյան

«Հաշվեքննիչ պալատը պետք է լինի անկախ, որպեսզի աուդիտի հաշվետվությունը լինի անաչառ». Հաշվեքննիչ պալատի անդամի ՔՊ թեկնածու Եղիշե Սողոմոնյան
Քաղաքականություն
15:16, 02 декабрь 2021
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի այսօրվա օրակարգում ներառված հարցերից էր Հաշվեքննիչ պալատի անդամի տեղի համար թեկնածու առաջադրելու հարցը։

Հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը ներկայացրեց Հաշվեքննիչ պալատի անդամի տեղի համար որպես թեկնածու ՔՊ խմբակցության կողմից ներկայացված Եղիշե Սողոմոնյանի կենսագրությունը։ 

Եղիշե Սողոմոնյանը  ծնվել է 1983թ. փետրվարի 8-ին, Արագածոտնի մարզի Վերին Սասնաշեն գյուղում։ Դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո  գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, այնուհետև 2006թ. ստացել է մագիստրոսի կոչում։  2006-2009թթ. եղել է ԵՊՀ նույն ֆակուլտետի ասպիրանտ, 2019թ. շնորհվել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան՝ վարկային պորտֆելի կառավարման հիմնախնդիրները ՀՀ բանկերի օրինակով թեմայով։ 2009թ. ԿԲ նախագահի որոշմամբ ստացել է բանկի գործադիր տնօրենի պաշտոնում աշխատելու վկայական, 2014-ից ստացել է փորձագետ հաշվապահի և աուդիտորի որակավորում։

Հանդիսացել է ՀՀ հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի անդամ։ 2016թ. ՀՀ ներքին աուդիտորների ինստիտուտի անդամ է, 2017թ. ՀՀ ԿԲ-ի որոշմամբ ստացել է վարկային կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի նախագահի վերստուգողի վկայական։

2020թ. հանդիսանում է աուդիտորների և հաշվապահների պալատի անդամ։ 

2018-2019թթ. եղել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսներ, հաշվապահական հաշվառում և հարկում մասնագիտացման գծով մագիստրոսական թեզերի պաշտպանության նախագահ։ 2019-2020-2021թթ. նույն աշխատանքն իրականացրել է այս անգամ արդեն ֆինանսներ մասնագիտացման գծով։ 2009թ.-ից դասախոսում է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում ֆինանսական կառավարում, հաշվապահական հաշվառում, հարկային հաշվառում, բանկային գործ, ֆինանսական հաշվետվությունների պատրաստում առարկաները։ 2020թ. սկսել է դասախոսել նաև ՀՀ կառավարման ակադեմիայում կառավարչական հաշվառում առարկան։ 

Աշխատանքային գործունեությունն սկսել է 2005թ. «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ում որպես վարկային մասնագետ, 2006-2008թթ. աշխատել է «Մետրոպոլ» ՍՊԸ-ում որպես հաշվապահ, 2008-2010թթ. եղել է «Սովրանո» ՍՊԸ ֆինանսիստը, 2009-2010թթ. «ՖՖ. Ա. ինվեստ» ՍՊԸ-ում և «Սոնագրո» ՍՊԸ-ում գլխավոր հաշվապահ է աշխատել։ 2010-2011թթ. «Վիտիս դիստրիբյուշն» ՍՊԸ-ում հանդիսացել է վերստուգող, 2010-2015թթ.  «Ի.ԷՄ.ԷՋ քոնսթրաքշն» ՓԲԸ-ում՝ ֆինանսական գծով փոխտնօրեն։ 2011թ. հիմնադրել է և 2011-2018թթ. ղեկավարել «Ֆինս» ՓԲԸ-ն։ 2013-2015թթ. եղել է «Աֆինա պալադաշինարարական» ՓԲԸ հայաստանյան մասնաճյուղի գլխավոր հաշվապահ։ 2013-2018թթ. եղել է Հյուսիսային պողոտա 6 համատիրության գլխավոր հաշվապահը, միառժամանակ 2013-2018թթ. «Ֆիդես» հիփոթեքային ընկերություն ՓԲԸ-ում աշխատել է որպես վերստուգող։ Ինչպես նաև մի շարք այլ ընկերություններում և գործարաններում զբաղեցրել է գլխավոր հաշվապահի, վերստուգողի, տնօրենի, ներքին աուդիտորի պաշտոնները։

2018թ. դեկտեմբերին ընտրվել է ԱԺ պատգամավոր՝ «Իմ քայլը» խմբակցության ցուցակով։

2021թ.-ից հանդիսանում է «Համայնքների համաչափ զարգացման» կրթական ՀԿ հիմնադիր, մի շարք գիտական հոդվածների հեղինակ է, անկուսակցական է, զինապարտ է, ամուսնացած է, ունի 2 զավակ։ 

Հաշվեքննիչ պալատի անդամի տեղի համար ՔՊ-ի կողմից առաջադրված Եղիշե Սողոմոնյանը շնորհակալություն հայտնեց իր թեկնածությունն առաջադրելու համար և նշեց, որ մանդատը ստանալու դեպքում՝ Հաշվեքննիչ պալատի անդամի լիազորություններով պայմանավորված, իր առաքելությունը համարում է հետևյալը. «Ունենալով այն համոզմունքը, որ յուրաքանչյուր երկիր պետք է ունենա աուդիտի բարձրագույն ինստիտուտ, որի անկախությունը երաշխավորված է օրենքով, կարևորում եմ Հաշվեքննիչ պալատի դերը հանրային միջոցների պատշաճ և արդյունավետ օգտագործման, վարչական գործառությունների ճիշտ օգտագործման, հասարակություն-պետական մարմին տեղեկատվության տրամադրման գործում»։ 

Նա ընդգծեց նաև, որ Հաշվեքննիչ պալատը պետք է լինի անկախ, որպեսզի աուդիտի հաշվետվությունը լինի անաչառ. «Հաշվեքննիչ պալատի անկախության բարելավման ուղղությամբ դեռ կան անելիքներ՝ թվարկեմ դրանցից մի քանիսը.

Այս պահին Հաշվեքննիչ պալատի ֆինանսական անկախությունը լիովին ապահովված չէ, Հաշվեքննիչ պալատը պարտավոր է իր տարեկան բյուջեի հայտը ներկայացնել կառավարության տարեկան հաստատման, ընդ որում՝ կառավարությունը կարող է դա փոփոխել ըստ հիմնավորման։ Ես առաջարկում եմ, որ առաջիկայում օրենքներում կատարվի փոփոխություն և ամրագրվի, որ Հաշվեքննիչ պալատին հատկացված գումարը կազմի համախմբված բյուջեից որոշակի տոկոս, և Հաշվեքննիչ պալատը ինքը որոշի, թե ինչ ձևով է իրականացնելու դրա բաշխումը։  

Հաշվեքննիչ պալատի աշխատողներին ընդունելու, վարձատրելու և կառավարելու գործընթացը դուրս է Հաշվեքննիչ պալատի գործառույթներից։ 

Հաշվեքննիչ պալատի նախագահն ու անդամները անձեռնմխելի չեն»։