Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՔՊ-ի Աբովյանի ավագանու թեկնածուները վաղը քարոզարշավը կամփոփեն երթով ու ի հիշատակ զոհված զինծառայողների՝ օդապարուկներ բաց կթողնեն երկինք

ՔՊ-ի Աբովյանի ավագանու թեկնածուները վաղը քարոզարշավը կամփոփեն երթով ու ի հիշատակ զոհված զինծառայողների՝ օդապարուկներ բաց կթողնեն երկինք
Քաղաքականություն
20:15, 02 декабрь 2021
«Քարոզարշավն անցավ առանց խոչընդոտների, միայն մի քանի կայքերով փորձեցին ցեխ շպրտել մեզ վրա, սակայն մենք դրան ուշադրություն չդարձրեցինք»,-  Civic.am–ի հետ զրույցում ասաց Աբովյանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Պավել Ցուգունյանը։
 
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին ՀՀ մի շարք համայնքներում, այդ թվում՝ Աբովյանում, տեղի են ունենալու ՏԻՄ ընտրությունները։

 Այնուհետև խոսելով քարոզարշավից՝ Պավել Ցուգունյանն ասաց, որ այս ընթացքում շրջել են բոլոր բնակավայրերով, զրուցել բնակիչների հետ, ներկայացրել իրենց ծրագրերը, լսել նրանց բարձրացրած խնդիրները։

 «Հիմնական խնդիրներին մենք արդեն ծանոթ էինք, որովհետև ես աշխատել եմ մարզպետարանում, իսկ ոռոգման խնդիրներից էլ տեղյակ եմ, քանի որ աշխատել եմ «Կոտայք» ՋՕԸ-ում։  Խնդիրները տարբեր են, բայց մենք մի բան ենք խոստացել, որ ամեն ինչը լինելու է օրենքի սահմաններում»,- ասաց Պավել Ցուգունյանը։

 Վերջինս նաև տեղեկացրեց, որ որպես քարոզարշավի ամփոփում վաղն իրենք Աբովյանում երթ կանցկացնեն։ Ինչպես և քարոզարշավը սկսեցին զոհվածների շիրիմներին այցելելով, այնպես էլ քարոզարշավը կավարտեն զոհվածների հիշատակին օդապարուկներ բաց թողնելով երկինք։