Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստան» դաշինք խմբակցությունը բյուջեի նախագծին դեմ է քվեարկելու

«Հայաստան» դաշինք խմբակցությունը բյուջեի նախագծին դեմ է քվեարկելու
Քաղաքականություն
16:57, 08 декабрь 2021
«Հայաստան» դաշինք խմբակցության հայտարարությունը․

Այսօր մենք քննարկում ենք երկրի համար ամենակարևոր նշանակություն ունեցող փաստաթաղթերից մեկը՝ պետական բյուջեն։ Բյուջեն հաշվապահություն չէ, բյուջեն լոկ հանրային ֆինանսներ չէ, բյուջեն քաղաքականություն է, քաղաքական նպատակների սահմանումն է, այդ խնդիրների լուծման ուղիների ուրվագծումն ու անհրաժեշտ ֆինանսական միջոցների տրամադրումն է։ Ելնելով երկրի առաջ ծառացած խնդրի կարևորությունից ու կառավարության քաղաքական առաջնահերթությունից այս կամ այն խնդրի լուծման համար կամ բավարար միջոցներ են տրամադրվում, կամ այդ միջոցների տրամադրումը հետաձգվում է մինչև «ավելի լավ օրեր»։ Սա է բյուջեի կազմման փիլիսոփայությունն ու տրամաբանությունը։

Քաղաքական առաջնահերթությունների ու հստակ թիրախների սահմանումն առավել կարևորվում է նամանավանդ ծրագրային բյուջետավորման պարագայում, երբ ֆինանսական ռեսուրսներ հատկացնելուց բացի նաև սահմանվում է, թե հատկացված գումարով ինչ կոնկրետ չափելի արդյունքներ են ակնկալվում։ Այս տրվիալ ճշմարտության լույսի ներքո եկենք վերլուծենք կառավարության առաջարկած բյուջեի նախագիծը և հասկանանք արդյոք կառավարությունը ճիշտ է գնահատում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության առաջ ծառացած մարտահրավերները, ճիշտ լուծումներ է առաջարկում և արդյոք հատկացված միջոցներն ադեկվատ են այդ լուծումներին հասնելու համար։
 
Առանձնացնենք Հայաստանի այն հիմնախնդիրները, որոնք առաջնահերթ լուծման կարիք ունեն։

1․ Անվտանգային խնդիրներ Ակնհայտ է, որ արցախյան 44-օրյա պատերազմից հետո հայկական զույգ պետությունների առաջ ծառացած անվտանգային մարտահրավերները ոչ միայն չեն մեղմվել, այլ առավել են սրվել։ Ադրբեջանա-թուրքական տանդեմի հեռահար պանթուրքիստական նպատակը չի սահմանափակվում միայն Արցախը հայաթափելով։ Հայաստանն է թուրք-ադրբեջանական գորշ գայլի կոկորդում մխրճված ոսկորը և Հայաստանի փաստացի ոչնչացումն է նրանց քաղաքականության հեռահար նպատակը։ Սկսել են Հայաստանի Հանրապետության սահմանների վերաձևումից, արդեն պահանջում են ցամաքային միջանցք Թուրքիայի և Ադրբեջանի միջև, իսկ վաղը կպահանջեն ադրբեջանցիների վերադարձ իրենց նախապատերազմյան միշտական բնակության վայրեր։ Հետո էլ կարող են տեղական հանրաքվեներ անցկացնել ու պահանջել Վայքը վերանվանել Ազիզբեկով։ Ադրբեջանն ու Թուրքիան չեն էլ թաքցնում, որ պատրաստ են իրենց նպատակներին հասնել ռազմական ճանապարհով, եթե Հայաստանը կամավոր չհրաժարվի իր իրավունքներից։ Պատահական չէ, որ միայն այս տարի 10-ից ավելի թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ են անցկացրել Հայաստանի սահմանների մոտ։ Զորավարժություններից մեկին նրանց միացավ նաև Պակիստանը։ Կույր պետք է լինել չտեսնելու համար, որ խաղաղության դարաշրջանի փոխարեն մենք ունենք փխրուն հրադադար, որը պարբերաբար խախտվում է։ Նոյեմբերի 16-ին մենք ունեցանք մարտական գործողությունների էսկալացիա, որին հետևեց Փաշինյանի հանձնարարականը պաշտպանության նախարարին սկսել սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը։ Ակնհայտ է, որ սա զուտ համընկում չէր։ Հայապահպանության հայրենական պատերազմը չի ավարտվել, այն ուղղակի ժամանակավորապես փոխել է իր բնույթը։
 
2․ Արցախի հարց Առանձին Արցախի հարց, որպես այդպիսին, գոյություն չունի․ այն հայապահպանության, հայ ազգի և հայոց պետականության գոյության հիմնահարցի բաղադրիչներից մեկն է։ Չկա Հայաստանի Հանրապետության առանց Արցախի Հանրապետության, չկա Արցախի Հանրապետություն առանց Հայաստանի Հանրապետության։ 2020 թ․ պատերազմի արդյունքում Արցախի Հանրապետությունը կորցրեց իր տարածքի 75 տոկոսը, ներառյալ Հադրութը և Ստեփանակերտի նկատմամբ գերիշխող դիրք ունեցող հայոց պատմական Շուշին։ Երկու հանրապետությունների միջև ցամաքային սահմանի փոխարեն մենք ունենք նեղ միջանցք։ Նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթով նախատեսված է կառուցել Շուշին շրջանցող այլընտրանքային ճանապարհ, որը, որը կխորացնի Արցախի անկլավացումը։ Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները փաստորեն ընդհատվել են։ Ադրբեջանն ընդհանրապես ժխտում է Լեռնային Ղարաբաղի հարցի գոյությունը։ Այս պայմաններում ի՞նչ լուծում է առաջակում քաղաքական մեծամասնությունը, ի՞նչ քայլեր է առաջարկում կառավարությունն այդ լուծումն ապահովելու համար և որքա՞ն գումար է պատրաստ հատկացնել այդ լուծումն իրականություն դարձնելու համար։ Արդյո՞ք պետական բյուջեի նախագիծը պատասխանում է այդ հարցին։ Ո՛չ։ Բյուջեի «Արցախյան հիմնախնդիր» բաժինը լավագույնս է արտացոլում Հայաստանի իշխանությունների արցախյան քաղաքականությունը։ Ընդամենը 69 բառ է։ Բառացի մեջբերում եմ․ «Հայաստանը շարունակելու է հանդիսանալ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ Արցախի մշակութային և կրոնական ժառանգության պահպանման ուղղությամբ: Հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա: Հայաստանը ձգտելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո բանակցային գործընթացի լիարժեք վերականգնման՝ համոզված լինելով, որ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման տեսանկյունից բովանդակային բանակցությունները չունեն այլընտրանք»։ Հայաստանն աշխատելու է «Արցախի մշակութային և կրոնական ժառանգության պահպանման ուղղությամբ»։