Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դուք ուզում եք, որ մենք միջանցքի վերաբերյալ պայմանավորվածություն ունենա՞նք․ Նիկոլ Փաշինյանը՝ Աննա Մկրտչյանին

Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանը պատասխանելով իր իսկ տված հարցին, ասաց, որ նոյեմբերի 9-ին ստորագրված պայմանագրի 9-րդ կետը, որում նշված է, որ Հայաստանը երաշխավորում է տրանսպորտային անվտանգ հաղորդակցությունը Ադրբեջանի ու Նախիջևանի միջև, դրա վերահսկողությունն իրականացնելու է ռուսական «ՖՍԲ» ծառայությունը, սա ինչ է, եթե ոչ մի քանի  կոմպոնենտից բաղկացած ուղղակի միջանցք։

Արձագանքելով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կարծում է, որ հարցը տվող պատգամավորի քաղաքական ուժը պետք է կողմնորոշվի մի հարցում՝ ինքը մեկնաբանում է այդ տեքստը, թե ինքը հաղորդում է ուրիշների մեկնաբանությունը, որ իրենց հանձնարարված է որպես սեփական մեկնաբանություն հաղորդել։

«Նախ այդ կետը, եթե կարդում եք, կարդացեք, որ գրած է բացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը, երկրորդը՝ տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ հսկողությունն իրականացնում է ՌԴ-ի «ՖՍԲ»-ն, ի՞նչ է դա նշանակում։ Այսինքն՝ դուք հիմա մեկնաբանում եք։ Ես ամենևին այդպիսի մեկնաբանություն չունեմ, մեր բոլոր մեկնաբանությունները երեկ մանրամասն ձևակերպված են ԱԳՆ-ի հայտարարության մեջ։ Հարցի էությունը ո՞րն է, դուք ուզում եք ստանաք պատասխան՝ մենք միջանցքի վերաբերյալ պայմանավորվածություն ունենք, թե՞ դուք ուզում եք, որ մենք միջանցքի վերաբերյալ պայմանավորվածություն ունենանք»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ ինքը պատգամավորի մեկնաբանությունների հետ համաձայն չի և եթե նրա ուզածը դա է, ապա դա այլ խնդիր է։