Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փաշինյանը և իշխող կուսակցությունը շարունակում են պահպանել բարձր վարկանիշ. IRI

Փաշինյանը և իշխող կուսակցությունը շարունակում են պահպանել բարձր վարկանիշ. IRI
Քաղաքականություն / Հայաստան
22:15, 10 март 2021
Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) նոր համապետական հարցում է անցկացրել Հայաստանի տարածքում, որի համաձայն հասարակության մեջ սոցիալ-տնտեսական բարեփոխումների և քաղաքական կայունության խիստ պահանջ կա: Հարցումը նաև ցույց է տվել, որ հասարակության զգալի հատվածն աջակցում է իշխող կուսակցությանը և կառավարությանը:

Հատկանշական է, որ սա Արցախյան 44-օրյա պատերազմից հետո իրականացված առաջին հարցումն է: Այն անցկացվել է 2021թ. փետրվարի 8-16-ն ընկած ժամանակահատվածում: Հարցմանը հեռախոսազանգով մասնակցել է 18 տարեկանից բարձր 1510 քաղաքացի:

«Ճգնաժամի պայմաններում հայերը հույս են դնում կառավարության վրա՝ ապահովելու երկրում կայունություն և սոցիալ-տնտեսական բարօրություն,- ասել է IRI-ի եվրասիական տարածաշրջանի տնօրեն Ստեֆան Նիքսը:- Իշխող կուսակցության աջակցությունը մնում է բարձր, բայց այդ աջակցությունը պահելու համար կառավարությունը պետք է շարունակի ջանքերը բարեփոխումների օրակարգի շուրջ և արդյունավետ կերպով համաձայնեցնի այդ բարեփոխումները քաղաքացիների հետ»:

Հարցման մասնակիցները 97 տոկոսը, պատասխանելով հրադադարից հետ հետագա քայլերի վերաբերյալ հարցին, նշել են, որ կառավարությունը պետք է ջանքերն ուղղի ներքին՝ տնտեսական, սոցիալական հարցերի և քաղաքական կայունության վրա: Երկրորդ ամենակարևոր հարցը Արցախի բնակիչների վերաբնակեցման հարցերն են. հարցման մասնակիցների 92 տոկոսը կարծում է, որ կառավարությունը պետք է ապահովի նրանց անվտանգ վերադարձը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներ: Այնուհետև, որպես Հայաստանի երեք ամենակարևոր խնդիրներ նշել են քաղաքական անկայունությունը (12 տոկոս), գործազրկությունը (11 տոկոս) և Արցախի հակամարտությունը (9 տոկոս):

Չնայած մտահոգություններին՝ կառավարության նկատմամբ հանրային կարծիքը բարձր է. հարցման մասնակիցների 33 տոկոսը նշել է, որ կընտրեին իշխող կուսակցությանը, եթե ընտրություններն անցկացվեին հաջորդ կիրակի: Հաջորդ բարձր վարկանիշ ունեցող կուսակցությունը «Բարգավաճ Հայաստանն» է (3 տոկոս): Հետազոտությունը նաև պարզել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 2019թ-ից ընկել է 22 կետով: Այնուամենայնիվ, Հայաստանի բնակչության կեսից ավելին նրա կառավարության նկատմամբ ունի կամ «շատ լավ» (29 տոկոս) կամ «որոշակիորեն լավ» (25 տոկոս) կարծիք: Բացի այդ, հարցման մասնակիցների 62 տոկոսը կվստահեր արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, եթե դրանք լինեին: Չնայած դրան, Հայաստանի բնակչության մեծ մասը (74 տոկոս) կարևորում է ընտրական բարեփոխումները: Հարցման մասնակիցների 73 տոկոսն էլ կարծում է, որ թեկնածուները պետք է մանրամասներ ներկայացնեն իրենց քարոզարշավի ծախսերի մասին: