Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքապետարանի երեք տարիների ծախսային կատարողականները կարո՞ղ էին ձեր որոշման հիմքերից մեկը լինել. 2020-ին այն կազմել է 55 տոկոս. Դավիթ Խաժակյանը՝ Արմեն Գալջյանին

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, հրավիրվել է Երևանի ավագանու արտահերթ նիստ: Քննարկվում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու օրենքի նախագիծը, որը նախաձեռնել է ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նկատեց, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը իր ձևակերպումներում բավականին նրբանկատ գտնվեց, ուստի իր մոտ հարց է ծագել:

«Բոլորիս հայտնի է, որ Երևան քաղաքում Տեղական ինքնակառավարման մասին օրենքը նախատեսում է կատարողականների դեպքում ավագանու քվեարկություն, որը կարող է հանգեցնել քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելուն: Քաղաքապետարանի ծախսային կատարողականները 2016-ից մինչև 2020 թվականները եղել են հետևյալը. 2016 թվական՝ 100 տոկոս, 2017 թվական՝ 84 տոկոս, 2018 թվական՝ 78 տոկոս, 2019 թվական՝ 79 տոկոս, 2020 թվական՝ 55 տոկոս, այն պարագայում, երբ եկամուտները նորմալ հավաքագրվել են, բայց փաստացի աշխատանքները պատշաճ չեն իրականացվել: Այս թվերը ձեր որոշման հիմքերից մե՞կն է»,- ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավարին հարցրեց Դավիթ Խաժակյանը: 

Ի պատասխան՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը նշեց, որ իրենք էլ են ունեցել վերապահումներ բյուջեի կատարողականի վերաբերյալ. «Բայց կարծում եմ՝ պետք է ազնիվ լինել և ասել, որ իշխող ավագանու տեսանկյունից ճիշտ չէր լինի դա հնչեցնել ավագանու նիստերին, և դա արվել է փակ քննարկումների ժամանակ, իսկ հրապարակային նիստերի ժամանակ բյուջեին կողմ ենք քվեարկել, որովհետև անհրաժեշտ ենք համարել գործադիրին աջակցություն ցուցաբերել և հնարավորություն տալ շտկելու թերությունները»:

Արմեն Գալջյանը ի հավելումն նկատեց, որ Դավիթ Խաժակյանի հրապարակած թվերը իրենց որոշման բազմաթիվ հիմքերից մեկն է: