Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչու ռևանշի ձգտող Ռոբերտ Քոչարյանը չի ուզում դառնալ ՀՀ նախագահի ընդդիմության թեկնածու

Ինչու ռևանշի ձգտող Ռոբերտ Քոչարյանը չի ուզում դառնալ ՀՀ նախագահի ընդդիմության թեկնածու
Քաղաքականություն
17:52, 26 январь 2022
ՀՀ նախագահի պաշտոնից Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո տարերայնորեն քննարկվում է  «ով է լինելու ՀՀ հաջորդ նախագահը» հարցը, թեկնածուների շարքում նշում են  ամենատարբեր անուններ ու ընդհուպ անհավանական թեկնածություններ:  Իշխող ՔՊ-ն դեռևս նախագահի  թեկնածության հարց չի քննարկում:  Խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը երեկ հայտնեց՝ քանի դեռ նախագահը դիմումը հետ վերցնելու հնարավորություն ունի, պաշտոնապես թեկնածուների հարցը քննարկելն այս փուլում ճիշտ չէ: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ երեկ ասաց, թե նախագահի թեկնածու առաջադրելու հետ կապված խմբակցությունում  առաջիկայում կլինեն քննարկումներ: Ըստ Մինասյանի՝ նախագահը չի կարող միայն իշխանության կամ էլ ընդդիմության թեկնածուն լինել։ Նա պետք է ապահովի Սահմանադրությամբ ամրագրված մոտեցումների լիարժեք իրականացումը և չպետք է լինի կուսակցական: 

«5-րդ ալիքի» եթերով այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանը չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնում: «ԱԺ բրիֆինգների ժամանակ էլ մենք ասացինք, որ այդ հարցով քննարկումներ չենք ունեցել, որոշում էլ չենք կարող ունենալ, բայց լրատվական հնարք է, վերնագրերն այնպես գնացին, որ «Հայաստան» դաշինքը չի բացառում Ռոբերտ Քոչարյանի առաջադրումը նախագահի պաշտոնում: Բայց քանի որ թեման այսպես ուռճացվեց, ասեմ, որ Ռոբերտ Քոչարյանը չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնում»,- ասել է նա։

Մերձքոչարյանական  թերթերից մեկն էլ գրել էր, որ ընդդիմադիր դաշտում քննարկում են միասնական թեկնածու առաջադրելու հարցը. «Բայց բացառում են նախկին նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և անգամ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը»։ 
Իշխանատենչությամբ  մշտապես փայլած այս երեք թեկնածուներից մասնավորապես Քոչարյանն, ի դեպ, որը պարբերաբար հայտարարում էր   քաղաքականություն վերադառնալու մտադրություն չունենալու մասին, դեռևս 2012-ին պարզաբանել էր 2013-ին ՀՀ նախագահի ընտրություններին չմասնակցելու իր որոշումը: «Իշխանության պայքարը երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների միջև ինձ համար անընդունելի էր. այն բարդ ընտրության իրավիճակ կստեղծեր շատերի համար ու կդառնար տարատեսակ շահարկումների առարկա: Բացի այդ, ինքս եմ ժամանակին առաջարկել գործող նախագահին՝ որպես հաջորդողի, և վերընտրվելու նրա ցանկությունը հասկանալի է: Երկրորդը՝ չէի ցանկանում մասնակցել իշխանության պայքար մղող երեք նախագահների ծայրահեղ տհաճ և, վստահ եմ, երկրի համար վնասակար ձևաչափի կազմավորմանը: Եվ երրորդը. քաղաքական կոմպրոմիսի փնտրտուքը Հայաստանում փոխակերպվել է մանրածախ քաղաքական առևտրի: Իսկ դա ամենևին էլ այն չէ, ինչի համար ես կուզենայի ծախսել ժամանակս, գիտելիքներս ու փորձս»: Ապա խոսել էր «Տիկնիկային մրցակցության» մասին և նշել. «Ինչ վերաբերում է քաղաքական մրցակցությանը, ապա ընտրություններից առաջ այն մի տեսակ տիկնիկային է դարձել, ինչը չի կարող նպաստել իշխանության արդյունավետ աշխատանքին և անտարբերություն է ծնում հասարակության մեջ: Հայտնի է, որ առանց մրցակցության իշխանությունը գուցեև հանգիստ է քնում, բայց ժողովուրդը, որպես կանոն, վատ է ապրում»: Ի դեպ, մամուլը ժամանակին գրել էր, թե Քոչարյանը ակնարկում է, որ իր նշած քաղաքական մանրածախ առևտրի արդյունքում քաղաքական դաշտը ժամանակի ընթացքում վերջնականապես կամայանա, քաղաքական կուսակցությունների մեծ մասը կմաղվի, ընդհուպ՝ կվերանա,  «իսկ գոյություն չունեցող բաները հնարավոր չի լինի  վաճառել կամ գնել, թեկուզ մանրածախ գներով»: Կարճ ասած՝ 2018թ.-ին՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետի ավարտին, Քոչարյանի  նշած երեք պատճառները  վերացած կլինեն, և իշխանության դարպասները կրկին լայն կբացվեն «երիտասարդ թոշակառուի»  առաջ:  

Մինչդեռ, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Ժամանակ անց, երբ Սերժ Սարգսյանը ձեռնարկեց  սահմանադրական բարեփոխումների գործընթացը և արդյունքում  աղճատեց  նախագահի ինստիտուտը՝ մկրատելով նախագահի լիազորությունները,  իրավական առումով թողնելով միայն այդ՝ նախագահի ինստիտուտի տիտղոսը, Քոչարյանը հիշեցրեց իր մասին: Նա 2014-ին  իր  ոչ պաշտոնական 2rd.am կայքին  տված հարցազրույցում մասնավորապես նշել էր. «Ներկայումս առաջարկվում է երկրի պետական կառավարման մոդելի արմատական փոփոխություն, և անհրաժեշտ են միանշանակ երաշխիքներ առ այն, որ բարեփոխումն ուղղված չէ կառավարող էլիտայի շահերի սպասարկմանը և չի դառնա դրա վերարտադրման գործիք: Սահմանադրության ցանկացած վերաձևում՝ հանուն քաղաքական գործիչների ընթացիկ շահերի, երկրի քաղաքական դեգրադացման նշանն է»:  Քոչարյանն այնուհետ  կշտամբել էր իր ղարաբաղցի ընկերոջը. «Սահմանադրությունները չեն ստեղծվել կառավարողների իշխանությունը հավերժացնելու համար, ճիշտ հակառակը: Միապետություններին սահմանադրություն պետք չէ: Իսկ բրոնզապատ իշխանությունը, որպես կանոն, լճացման երաշխիք է»:  Ուշագրավ է նախկին նախագահի հարցազրույցի մասնավորապես այս հատվածը, որտեղ արդարացնում է իր օրոք կատարված սահմանադրական փոփոխությունները.  «Բարեփոխման նախաձեռնությունը բխում է բացառապես իշխանություններից, հնչած բացատրությունները համոզիչ չեն,  ծայրահեղ հեղհեղուկ են, ինչը և առաջարկվող փոփոխությունների իրական նպատակների վերաբերյալ լուրջ կասկածներ է առաջացրել հասարակության մեջ: Իրադրությունը ուղիղ հակառակն է այն իրավիճակի, որը նախորդեց 2005 թվականի բարեփոխումներին: Այն ժամանակ Սահմանադրությունը լիազորությունների ակնհայտ գերակշռություն ուներ՝ հօգուտ նախագահի ինստիտուտի՝ ի հաշիվ խորհրդարանի և կառավարության: Նա էր ձևավորում նաև ամբողջ դատական իշխանությունը: Կառավարության բոլոր որոշումները հաստատում էր նախագահը: Ավելին, վարչապետը կառավարության նիստերն անց էր կացնում նախագահի հանձնարարությամբ: Նախագահը փաստացիորեն ուներ խորհրդարանը լուծարելու միանձնյա իրավունք և այլն: Ըստ էության, ձևախեղված էին իշխանությունների տարանջատման և նրա ճյուղերի միջև հավասարակշռության մասին հիմնարար ժողովրդավարական պատկերացումները: Սահմանադրական բարեփոխումն այն ժամանակ դարձել էր երկրի քաղաքական օրակարգի հասունացած հարցերից և ԵԽ անդամակցության պարտավորություններից մեկը: ...Ընդդիմությունն այն ժամանակ կասկածում էր իմ մտադրություններին: Իբրև թե այդ ամենն անում եմ, որպեսզի պահպանեմ իշխանությունը՝ երրորդ անգամ ընտրվելով նախագահի պաշտոնում կամ տեղափոխվելով վարչապետի աթոռին: Չնայած իմ բազմաթիվ ու միանշանակ հայտարարություններին, որ այդպիսի բան չի լինի, ընդդիմախոսներին հակառակը համոզել ինձ չհաջողվեց (իմիջիայլոց, ես իմ խոսքի տերը եղա և հեռացա իշխանությունից՝ չկառչելով որևէ պաշտոնից)»: Քոչարյանն այս հարցազրույցում նաև պատասխանել էր Սերժ  Սարգսյանի՝ Սահմանադրությունը փոփոխելու այն հիմնավորմանը, թե  որևէ մեկը չպետք է իրավունք ունենա նախագահ ընտրվել երկու ժամկետից ավելի:  «Դրա համար Սահմանադրությունը վերաձևելու կարիք չկա, առավել ևս, երբ պարզվեց, որ նախագահն ինքը դեմ է հանձնաժողովի առաջարկած փոփոխություններին: Պետք է ընդամենը հանել «անընդմեջ» բառը գործող Սահմանադրության 50-րդ հոդվածից:  Ընդամենը մեկ բառ: Սակայն այդ լրացումը հետադարձ ուժ ունենալ չի կարող և այդպիսով ներկա քաղաքական լանդշաֆտի վրա ոչ մի կերպ չի ազդի»,- հուշել էր Քոչարյանը: 

Ահա թե ինչու 2018-ին Սերժ Սարգսյանը պետության՝ առանց «թևերի»  գլուխը դառնալու առաջարկն արեց ոչ թե Ռոբերտ Քոչարյանին, այլ Արմեն Սարգսյանին: Երևի կանխավ գիտեր, թե ինչպիսի պատասխան կհետևի իր առաջարկին, երբ Անգլիական թագուհու պաշտոնն առաջարկի Հայաստանի «միակ տղամարդու» համբավն ունեցողին: Վերջինս, հիշեցնենք, հեղափոխության օրերին բաց տեքստով հորդորում էր Սերժ Սարգսյանին իշխանությունը պինդ պահել, քանի որ այն «ճամպրուկ հո չէ՞, որ վերցնես ու փոխանցես»:     

Հավանաբար այս հանգամանքները նկատի ունենալով է, որ Քոչարյանը ձեռնպահ մնաց ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելուց եւ այսպիսվ ընտրական այն  «խաղին» մասնակցելուց,  որի արդյունքները նախապես հայտնի են՝  շնորհիվ իր հաջորդի  «ընթացիկ շահերը» սպասարկելու համար գրված Սահմանադրության, դրա՝ նախագահ ընտրելու ընթացակարգերի:

Հեղինե Մանուկյան