Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետք է PR կամպանիա սկսենք՝ հանրությանը ներկայացնելու համար գյուղոլորտի օժանդակության ծրագրերը. Էկոնոմիկայի նախարար

Այսօր՝ հունվարի 27-ին, Կառավարության հերթական նիստում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրեց, թե ինչ փոփոխություններ են կատարվել գյուղոլորտի օժանդակության ծրագրերում:

«Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի ծրագրի նոր պայմաններն են. կանխավճարի չափը սահմանվում է 20 տոկոս, լիզինգի առավելագույն տոկոսադրույքը բանկերի համար դրամով՝ մինչև 12 տոկոս, արտարժույթով՝ մինչև 9 տոկոս: Սուբսիդավորման արդյունքում տնտեսվարողին հասանելի կլինի ՀՀ դրամով մինչև 2 տոկոս տոկոսադրույքով և արտարժույթով՝ 3 տոկոս: Ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարը մեկ տնտեսվարողին մինչև 1 մլրդ դրամ է, մարման ժամկետը՝ մինչև 5 տարի, մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ 3 ամիս, և դադարի շրջանները՝ տարեկան մինչև 6 ամիս»,- մասնավորապես նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ ինտենսիվ այգեգործության և բարձրարժեք մշակաբույսերի մշակության ծրագրում վարկի տոկոադրույքը մինչև 14 տոկոս է, սուբսիդավորման արդյունքում՝ մինչև 2 տոկոս, տարեկան վարկի մարման ժամկետը այգիների հիմնման դեպքում՝ 8 տարի, ոռոգման համակարգերի դեպքում՝ 4 տարի, ոչ ավանդական մշակաբույսերի դեպքում՝ 2 տարի:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նկատեց, որ շատ կարևոր է, որպեսզի շահառուներն իրազեկված լինեն այս ծրագրերին: Արձագանքելով նրա խոսքին՝ նախարարը համաձայնեց, որ ծրագրերը որքան էլ որ լավը լինեն, շահառուները միշտ չէ, որ տեղյակ են դրանցից. «Մենք պետք է PR կամպանիա սկսենք, որպեսզի հանրությանը ներկայացնենք այս ծրագրերը, իրենց աշխատելու ձևը»:

Մանրամասն՝ տեսանյութում: