Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամեն սև բան Օթելլո չէ. Փաշինյանը՝ իրենց նմանակելու ընդդիմության գործողությունների մասին

«Քանի օր է՝ ընդդիմությունը փողոցային պայքար է սկսել: Ինչ եք կարծում փողոցում ընթացող այս գործընթացների և ընդդիմության գործողությունների մասին»,- այսօր՝ մայիսի 4-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հարցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Ի պատասխան վարչապետն ասաց. «Ես ուզում եմ, որ մենք երբեք ու երբեք չտրվենք այդ գայթակղությանը և ժողովրդավարությունը մեկնաբանենք որպես իշխանության կամ պետության թուլություն: Այսօր ժողովրդավարությունը Հայաստանի թիվ մեկ միջազգային բրենդն է, և մենք այդ բրենդը պահպանելու ենք, բայց դա չի նշանակում, որ կան գծեր, որոնց դեպքում ժողովրդավարությունը գործում է իր իրավական, օրինական, ինստիտուցիոնալ մեխանիզմներով ամբողջ թափով և խստությամբ»:

Ինչ վերաբերում է բուն գործընթացին, Փաշինյանը նշեց, որ ընդդիմությունն իրենց ծաղրում էր քայլելու համար. «Իրենք պտույտներից հետո որոշեցին քայլել: Մեզ ծաղրում էին ուսապարկ կրելու համար. խանութներում ուսապարկ մնացել է, որովհետև ընդդիմության շարքերն այդքան հոծ չեն, որպեսզի սպառեն քաղաքի բոլոր ուսապարկերը: Պարզապես գներն են բարձրացել, քանի որ գիտեն նրանք փողի խնդիր չունեն: Մեզ մեղադրում էին հեղաշրջում անելու մեջ, հիմա իրենք են դա փորձում անել. այժմ կամ պետք է խոստովանեն, որ իրենք պատրաստվում են հեղաշրջում անել, կամ մեր արածը հեղաշրջում չէր, այլ ժողովրդավարական ուղով եկած իշխանություն»:

Փաշինյանը նշեց, որ նրանց թվում է, թե կրկնօրինակելով իրենց մոտ կստացվի: «Ամեն սև բան Օթելլո չէ»,- Վահրամ Փափազյանի խոսքը վերհիշեց Նիկոլ Փաշինյանը: