Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքականությունը ձերը չէ, ձերը թալանն է, ձերը խուլիգանությունն ու ահաբեկչությունն է. Արուսյակ Ջուլհակյանը՝ ԱԳՆ շենքը ասպատակողներին

Այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ-ում պատգամավորների հայտարարությունների ժամին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հայտարարեց, որ իր ելույթը վերաբերելու է ԱԳՆ շենքի այսօրվա ասպատակությանը և ասպատակողներին:

«Այսօր թալանի փրկության, ժողովրդավարության և կոռուպցիայի դեմ պայքարի դիմադրության շարժման մի շարք ակտիվիստներ, որոնք համատեղության կարգով նաև պատգամավորի մանդատ են դեռ կրում, ասպատակել էին ԱԳՆ, մուտք գործել, ի տարբերություն այս անձանց, իրենց աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն կատարող պետական ծառայողների սենյակներ, վանկարկում էին իրենց մտահորիզոնի սահմաններին համապատասխան կոչեր, զբաղվում իրենց սիրելի, սակայն անպտուղ՝ հանրությանը և պետությանը որևէ օգուտ չբերող զբաղմունքով, դրոշազետեղմամբ, այդ թվում՝ մարդկանց վրա: Կարելի է ասել, պատանդառել էին ԱԳ նախարարի տեղակալին՝ տեսախցիկների առաջ ստիպելով հանդես գալ կոչերով, ինչը ահաբեկչական խմբակների գործելաոճ է»,- նշեց նա: 

Արուսյակ Ջուլհակյանը ընդգծեց, որ այս գործողություններում ակտիվ էր մի օրիորդ, որն իր ողջ գործունեության ընթացքում աչքի է ընկել միայն ԱԺ դահլիճում ներքնաշորի թափահարմամբ և ԱԺ կից փողոցում երեխային կերակրել շտապող կին պատգամավորի վրա հարձակմամբ:

Պատգամավորի խոսքով, այդ մարդկանց հետևում կանգնած են 31-ի, Դրոյի գործի կազմակերպիչներն ու մասնակիցները, մարդիկ, որոնց իշխանության օրոք ԱԺ շենքում ահաբեկչական ակտի շրջանակներում սպանվել են երկրի կարևորագույն բարձրագույն պաշտոնյաներ, մարդիկ, որոնք այդ ահաբեկիչներին անվանել են մի խումբ ռոմանտիկներ:

Նա ընդգծեց, որ պատգամավորի մանդատ է բաժին հասել մարդկանց, որոնք ոչ ցանկություն և ոչ էլ ունակություն ունեն զբաղվելու քաղաքականությամբ. «Տիկնայք և պարոնայք, քաղաքականությունը ձերը չէ, ձերը թալանն է, ձերը խուլիգանությունն է, ձերը ահաբեկչությունն է»:

Մանրամասն՝ տեսանյութում: