Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Կարծում եմ՝ ՀԱՊԿ դիտորդները հայ-ադրբեջանական սահման չեն գա, Լավրովի հայտարարությունը քաղաքական էր, և դրա հասցեատերը ո՛չ Հայաստանն է, ո՛չ էլ Ադրբեջանը, այլ ԱՄՆ-ն և Ֆրանսիան»․ քաղաքագետ

«Կարծում եմ՝ ՀԱՊԿ դիտորդները հայ-ադրբեջանական սահման չեն գա, Լավրովի հայտարարությունը քաղաքական էր, և դրա հասցեատերը ո՛չ Հայաստանն է, ո՛չ էլ Ադրբեջանը, այլ ԱՄՆ-ն և Ֆրանսիան»․ քաղաքագետ
Քաղաքականություն
19:33, 30 сентябрь 2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ սեպտեմբերի 29-ին, կառավարության նիստի ժամանակ կարևորեց հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդների տեղակայումը։ Իսկ այսօր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների օգտագործման հարցը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու և, ընդհանուր առմամբ, Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման համար։ Այս մասին Լավրովն ասել է ԱՊՀ անդամ երկրների հետախուզական և անվտանգային մարմինների ղեկավարների հետ խորհրդի հերթական նիստի ժամանակ։

Civic.am-ի հետ զրույցում քաղաքագետ Վահրամ Աթանեսյանն անդրադառնալով ՀՀ վարչապետի խոսքին՝ նշեց, որ ՀԱՊԿ դիտորդները ևս միջազգային դիտորդներ են, հետևաբար՝ դժվար է ասել, թե որ երկրի դիտորդներին է նկատի ունեցել Նիկոլ Փաշինյանը։ 

Վահրամ Աթանեսյանն ընդգծեց, որ Հայաստանի շահերից է բխում նոյեմբերի 9-ի՝ 44-օրյա արցախյան պատերազմի զինադադարի մասին հայտարարության դրույթների իրականացումը․ «Պետք է գործ ունենալ այն կողմի հետ, որը պատասխանատու է այդ կոնֆլիկտի ծագման, զարգացման ու այսօրվա իրավիճակի համար։ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը պատմական կոնֆլիկտի կողմ է»։  

Մեր զրուցակցի կարծիքով՝ միամտություն է կարծել, որ ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի կողմից միջամտություն կլինի՝ ապահովելու նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների իրականացումը․ «Դա իրենց ձեռք բերած համաձայնությունը չէ, իրենք այստեղ անելիք չունեն։ Իրենք կարող են երաշխավորել այնպիսի համաձայնություն, որը ձեռք կբերվի իրենց միջամտությամբ, իսկ դա ենթադրում է նոր պատերազմ, նոր միջնորդություն և հրադադարի նոր համաձայնություն»,- ասաց մեր զրուցակիցն ու նշեց, որ նոր պատերազմն էլ կլինի այն երկրի օգտին, ում օգտին դիրքերի դասավորվածությունը եղավ՝ սեպտեմբերի 13-14-ի պատերազմում՝ նկատի ունենալով Ադրբեջանին։ 

Հարցին՝ արդյոք ՀԱՊԿ դիտորդների տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին կօգնի՞ կայունացնել իրավիճակը, քաղաքագետը պատասխանեց․ «Ես կարծում եմ ՀԱՊԿ դիտորդները հայ-ադրբեջանական սահման չեն գա, որովհետև Լավրովի հայտարարությունը քաղաքական հայտարարություն էր և դրա հասցեատերը ո՛չ Հայաստանն է, ո՛չ էլ Ադրբեջանը։ Այդ հայտարարության հասցեատերը ԱՄՆ-ն է, Ֆրանսիան է։ Ռուսաստանը հասկացնում է նրանց, որ այստեղ անելիք չունեն»։ 

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ ՀԱՊԿ երկրները ոչ ադրբեջանամետ են, ոչ էլ հայամետ, նրանք ստանում են իրենց շահը․ «Եթե, օրինակ, Ղազախստանը զորք չի ուղարկում Հայաստանի ու Ադրբեջանի սահման, դա անում է այն բանի համար, որ իր զինվորը չզոհվի»։

Մեր դիտարկմանը՝  Հայաստանի կողմից ամիսներ առաջ խաղաղապահ առաքելություն ուղարկվեց Ղազախստան՝ Վահրամ Աթանեսյանն արձագանքեց․ «Դա երկրի ներսում կարգուկանոնը պահպանելու համար է արվել, ոստիկանական ուժեր են ուղարկվել, իսկ զորքը տարվել է Ռուսաստանի կողմից։ Տաջիկստանն ու Ղրղզստանը սահմանային բախումների մեջ են՝ դե զորք ուղարկեք։ Ինչ հետաքրքրություն մենք ունենք այդ բախումների նկատմամբ, նույն հետաքրքրվածությունն էլ նրանք ունեն հայ-ադրբեջանական բախումների նկատմամբ։ Հայաստանի որևէ ղեկավար Կենտրոնական Ասիայի որևէ երկիր պաշտոնական այց կատարե՞լ է, պետք է աշխատել բոլոր կողմերի հետ, մենք մեր հարաբերությունները աշխարհի բոլոր երկրների հետ պետք է կարգավորենք։ Ինչու 31 տարի է՝ Հայաստանի անկախությունը Պակիստանն ու Սաուդյան Արաբիան չեն ճանաչել։ Սա ու՞մ խնդիրն է՝ 30 տարի բոլոր ձվերը դրել ենք մոսկովյան զամբյուղում»։  
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին, Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող ագրեսիային՝ Վահրամ Աթանեսյանը բարձրաձայնեց․ «Նոյեմբերի 9-ին կնքվել է հրադադարի պայմանագիր, ադրբեջանական բանակը Քելբաջար մտել է նոյեմբերի 25-ին, ինչո՞ւ երկու շաբաթում Հայաստանը իր բանակը չի կանգնեցրել Սոթքից մինչև Խոզնավար այն բնագծերում, որը համարել է իր պետական սահմանը»։ 
 
Նարա Մարտիրոսյան