Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հիմա կա Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմ ստեղծելու տեսակետ. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանի հարցն առնչվում էր Ադրբեջանի կողմից հրապարակված՝ խաղաղության պայմանագրի տարրերին, որոնք հիմնված էին  նախապես փոխանցված 5 սկզբունքների վրա: Պատգամավորը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին խնդրեց պարզաբանել, թե որոնք են այդ տարրերը:

«Մարտի կեսերին Ադրբեջանի կողմից փոխանցված այդ 5 հայտնի սկզբունքները հրապարակվել են, և մեր ու միջազգային հանրությունը քաջատեղյակ է այդ սկզբունքներին: Եվ այն անգամ էլ մենք ֆիքսել ենք, որ ըստ էության դրանում մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այս անգամ ադրբեջանական կողմի փոխանցած այդ առաջարկները ըստ էության կառուցված են այդ սկզբունքների վրա: Բաներ կլինեն, որ մեզ համար ընդունելի կլինեն, կլինեն բաներ, որ մեր կողմից ընդունելի չեն լինի: Նորմալ բանակցային գործընթացը կշարունակվի»,- պատասխանեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

ԱԳ նախարարի խոսքով՝ մեր պատկերացումների հիմնական մասը վերաբերում էին հենց Լեռնային Ղարաբաղին. «Եվ այժմ էլ բանակցությունների մաս է ահա նաև այս հարցի հասցեագրումը: Հիմա կա Բաքու-Ստեփանակերտ երկխոսության խողովակ, միջազգային մեխանիզմ ստեղծելու տեսակետ: Այս մասին քննարկումներ են ընթանում: Երբ հասնենք փոխադարձ ընդունելի տեսակետի, անպայման կտեղեկացնենք»:

Մանրամասն՝ տեսանյութում: