Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ատեստավորումն անցնելուց հետո պայմանագրային զինծառայողի աշխատավարձը կկրկնապատկվի. օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունվեց ԱԺ հանձնաժողովում

 
Այսօր Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ, լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

 Նախագծում մի փոփոխությունը վերաբերում է նրան, որ զինծառայողը երեք տարվա մեջ պետք է ատեստավորվի, որից հետո նրա աշխատավարձը կրկնակի կբարձրանա, իսկ երեք անգամ շեմը չհաղթահարելուց հետո կազատվի աշխատանքից։
 
Նախագծի հիմնական զեկուցող ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացնելով նախագիծը՝ ասաց, որ իրենք մտցնում են մի համակարգ, որ պաշտոնի առաջխաղացումը բխելու է  նրանից, թե ինչ բնութագիր ունի տվյալ զինվորականը։
 
Նախագծի քննարկմանը մասնակցում էին նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորները, որոնք խմբակցության անունից առաջարկներ էին ներկայացրել, որոնք, սակայն, քննարկվելուց հետո քվեարկության դրվեցին ու չընդունվեցին։ 
 
Քննարկմանը ներկա ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանը պաշտպանության նախարարից հետաքրքրվեց, որ եթե պայմանագրային զինծառայողը չի ատեստավորվում, բայց պարտաճանաչ և կարգապահ զինվորական է, ապա ինչպես են նրան խրախուսում, ի պատասխան Սուրեն Պապիկյանն ասաց, որ պայմանագրային զինծառայողին երեք անգամ հնարավորություն են տալիս, որպեսզի նա ուժերը փորձի և գա  այն պահանջարկին, ինչն իրենից ակնկալում են։
 
ԱԺ «Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ հայտնելով իր կարծիքը նախագծի մասին՝ ասաց, որ ինքը ողջունում է այդ նախագիծը, և չափազանց կարևոր է համարում, որ աշխատավարձերի բարձրացումը լինելու է հենց ատեստացիայի հիման վրա։
 
Օրենքի հաջորդ փոփոխությունը, որը կրկին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց հանձնաժողովում, վերաբերում է նրան, որ պարտադիր ժամկետային զինծառայողը, եթե ցանկանա, ապա վեց ամիս ծառայելուց հետո,  կարող է դառնալ պայմանագրային  զինծառայող՝ պայմանով, որ հինգ տարի ծառայելով որպես պայմանագրային զինծառայող, պայմանագրի ժամկետը լրանալուց  հետո կստանա հինգ միլիոն դրամ պատվովճար։ 
 
Նախագծի հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ օրենքի այս փոփոխությունները պրոֆեսիոնալ բանակ ունենալու հիմք են ստեղծում։
 
Մանրամասները՝ տեսանյութում։
 
Լիլիթ Թադևոսյան